ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Պենտագոնի փաստաթղթերի հնարավոր հրապարակման վերաբերյալ, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերի մի քանի կայքերում եւ, ըստ երեւույթին, մանրամասն նկարագրում են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի օգնությունն Ուկրաինային, բայց, հնարավոր է, փոփոխվել կամ օգտագործվել են ապատեղեկատվության արշավի շրջանակներում, հայտնում է The Associated Press-ը:
Փաստաթղթերը, որոնք տեղադրվել են այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Twitter-ը, պիտակավորված են որպես գաղտնի եւ հիշեցնում են սովորական թարմացումներ, որոնք ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբը ամեն օր թողարկում է, բայց հրապարակայնորեն չի տարածում: Դրանք թվագրվում են փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ, ըստ երեւույթին, մանրամասն տեղեկություններ են պարունակում Ուկրաինա զենքի եւ տեխնիկայի մատակարարման ընթացքի մասին։
Դրանք ռազմական ծրագրեր չեն եւ մանրամասներ չեն պարունակում Ուկրաինայի վրա ծրագրվող որեւէ հարձակման մասին։ Եվ որոշ անճշտություններ, ներառյալ ռուս զինծառայողների մահվան գնահատականները, որոնք զգալիորեն ցածր են ԱՄՆ պաշտոնյաների կողմից հրապարակայնորեն հայտարարված թվերից, ոմանց մոտ կասկածի տակ են դրել փաստաթղթերի իսկությունը:
Ուրբաթ օրը Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես գործը փոխանցել է Արդարադատության նախարարությանը՝ հետաքննության համար:
«Շատ կարեւոր է հիշել, որ վերջին տասնամյակների ընթացքում ռուսական հատուկ ծառայությունների ամենահաջող գործողություններն իրականացվել են ֆոտոշոփի միջոցով»,-ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ուկրաինայի ռազմական հետախուզության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը:
Միեւնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը ուրբաթ օրը հայտարարություն է տարածել այն հանդիպման մասին, որը նա անցկացրել է իր բարձրագույն ռազմական շտաբի հետ, եւ դրանում նշվում է, որ հանդիպման մասնակիցները կենտրոնացել են Ուկրաինայի պաշտպանության ուժերի պլանների վերաբերյալ տեղեկատվության արտահոսքը կանխելու միջոցների վրա։
Այնուամենայնիվ, եթե հրապարակված փաստաթղթերը ինչ-որ չափով վավերական են, գաղտնի տվյալների արտահոսքը տագնապալի է եւ հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչ այլ տեղեկություններ կարող են տարածվել Ուկրաինայի պատերազմի կամ առաջիկա հարձակման մասին:
New York Times-ն առաջինն է հայտնել այդ փաստաթղթերի մասին։ Ավելի ուշ The Times-ը հաղորդել է, որ սոցիալական ցանցերում սկսել են հայտնվել ավելի շատ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ուկրաինային, ինչպես նաեւ Ազգային անվտանգության այլ զգայուն թեմաներին, ինչպիսիք են Չինաստանը եւ Մերձավոր Արեւելքը:









