Վերջին օրերին, ՀՀ ներքաղաքական
տիրույթում տեղի ունեցածից հետո, ցանկացած բանական հայի մոտ հարց է առաջանում, թե ՀՀ
պետական ապարատում բազմած զանգվածային միավորները խուժաննե՞րն են, որ եկել են իշխանության,
թե՞ փողոցից իշխանության եկածները վերածվել են խուժանների։ Այս հարցադրման որևէ պատասխանը չի փոխում երևույթի էությունը՝ Հայաստանը վերածվել է խուժանապետության-խուլիգանակարտաիայի
և պետությունն ամեն օրվա հետ գլորվում է այն նույն անդունդը, դեպի ուր հասցնում է խուժանն
իր ձեռքն ընկած ավարը։ Եվ ինչպես ամենաիսկական խուժանն է թաքնվում, որևէ «սրբություն»
դրոշակ դարձնելով, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած խուժանամուժն է ցանկացած
լկտիություն արդարացնում «ժողովրդի տված քվեով»։
Եկեք արձանագրենք, որ
ժողովուրդը, այդ թվում՝ նրանց ընտրած 680 հազար քաղաքացիները, ձայն չեն տվել մարդկանց
վրա թքելու կամ խորհրդարանում իրենց փողոցային թափթփուկի նման պահելու համար։ Այդ ժողովուրդը
չի իմացել նաև, որ այս իշխանությունն իր տված քվեի վրա թքած է ունենալու ճիշտ այնպես,
ինչպես թքում է քաղաքացու երեսին։ Չի իմացել, որովհետև Փաշինյանը, սովորության համաձայն,
խորամանկել ու չի ասել, որ այդ քվեն իրեն ու իր խուժանամուժին անհրաժեշտ է ընդամենն
ուժային կառույցներին ու հրոսակախմբերի վերածված անվտանգության գումարտակներին բտելու
համար, որպեսզի վերջիններս ապահովեն ալենների անարգել թքումը քաղաքացու ուղղությամբ։
Ողբերգականն այն է, որ նման եղկելի միջոցով իշխանությունը պահպանելով՝ Նիկոլ Փաշինյանը խուլիգանությունը սեփական իշխանությունից տարածում միաժամանակ է նաև պետության, պետական ինստիտուտների վրա։ Ինչպես հայտնի է՝ նա սեփական իշխանության խուժանության անվտանգությունն ապահովում են պետական կառույցների աշխատակիցները, զանազան կոչումներ ունեցող անվտանգության ծառայողներն ու ոստիկանները։
Բոլոր նշված խմբերը՝ գիտակցաբար կամ օբյեկտիվ պատճառներով գիտակցություն դրսևորելու
անկարողության բերումով, պետությունը վերածել են խուժանասպասարկ կազմավորման, որովհետև
փողոցայինին ծառայողը նույնքան կամ ավելի անբարո է, եթե ու առավել ևս կրում է, ասենք,
գնդապետի կամ գեներալի ուսադիրներ։ Իրականում խուժանի խարանը կրում են իշխանության,
պետական կառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչները՝ սկսած լռությամբ իշխանության
հերթական լկտիությունից տարանջատվել փորձող «ուսյալ» պատգամավորներից, մինչև աշխարհի
տարբեր երկրներում էթիկետի բոլոր նորմերը պահպանող դիվանագետներ ու պետական կառավարման
համակարգի այլ անդամներ։ Նրանք բոլորը մասնակից ու մեղսակից են երկիրը «բարդակի» վերածելու
նողկալի գործընթացին և դրա համար պատասխանատու են։
Նման «բարդակխանա» կարգավիճակով
Հայաստանը ներկայանում է նաև աշխարհի, դաշնակիցների ու թշնամիների հետ հարաբերություններում
և արժանանում է այնպիսի վերաբերմունքի, որով բոլոր իրենց հարգող պետությունները վերաբերվում
են անբարոյին՝ լավագույն դեպքում օգտագործում են կեղտոտ գործարքների համար, որպես կանոն՝
վերջում նետելով որևէ աղբանոց։
Արմեն Հովասափյան









