Մարտի
29-ին Մոսկվայում տեղի ունեցավ հանդիպում Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեին
Ամիր Աբդոլլահիանի միջև։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել
է միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Կողմերը հստակեցրել են
նաև իրենց դիրքորոշումները տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Անդրկովկասում
իրավիճակի վերաբերյալ։
Պետք է արձանագրենք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական օպերացիայի մեկնարկից հետո Ռուսաստանն իր ազդեցության ու դիրքերի մի մասը հարավկովկասյան տարածաշրջանում համաձայնեցված կերպով զիջել է Իրանին, ում հետ Ռուսաստանը մեր տարածաշրջանում համատեղ շահեր ունի: Ի դեպ՝ այն, ինչ Ռուսաստանն իր սահմանափակ ռեսուրսների պատճառով չի կարողանում անել անձամբ, այդ թվում՝ զսպող դերակատարություն ունենալ, անում է Իրանը, որի համար անընդունելի են Հայաստանի ու Արցախի թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական հետագա պարտությունները: Իրանը փայլուն կերպով հասկանում է, թե ինչ լուրջ խնդիրների առջև կկանգնի թուրք-ադրբեջանական տանդեմի հետագա ամրապնդման պարագայում, որի հիմքերը դրվեցին 44-օրյայից հետո՝ հանգեցնելով ադրբեջանաիրանական հարաբերություններում աննախադեպ լարվածության: Բնականաբար, այդ լարվածության արմատները շատ ավելի հեռու են տանում հարավկովկասյան սեկտորից․ ավելին, ադրբեջանաիրանական հարաբերություններում տեղի ունեցողը կապ ունի աշխարհաքաղաքական գլոբալ իրավիճակի հետ, պարզապես ռեգիոնալ իրավիճակը և Իրանի դեմ Ադրբեջանը կանգնած են «կրակի առաջին գծում»:
Իրանական
ուղղությամբ Ադրբեջանի քայլերն ինքնուրույն չեն, այլ ուղղորդված բնույթ են կրում հայտնի
բևեռներից: Սրան զուգահեռ՝ Հարավային Կովկասում Ադրբեջանի գերինքնավստահ քայլերը անհանգստացնում
են նաև Մոսկվային, ում ձեռնտու է, որ այս փուլում Թեհրանը փորձի բոլոր միջոցներով զսպել
Ադրբեջանին:
Բաքվի քայլերի լկտի ու ցինիկ, ինչու ոչ՝ նաև համարձակ դրսևորումները Ռուսաստանին, չնայած իր ներկայիս իրավիճակին, ստիպում է այդ ամենը հրապարակային դաշտ բերել և հասցեական հայտարարություններ անել: Սակայն պետք է նաև հասկանալ, որ այդ հայտարարությունները որևէ արդյունքի չեն հանգեցնում, և հենց դա էր պատճառը, որ Մոսկվան շատ միջադեպերի ու քայլերի չի արձագանքել հրապարակայնորեն: Բաքուն էլ հասկանում է, որ Մոսկվան ներկայումս գործում է սահմանափակ դիվանագիտական և այլ բնույթի ռեսուրսների իրավիճակում, հստակորեն օգտվում է դրանից: Բաքուն նաև հստակ գիտակցում է, որ իր արժեքը ներկայումս էականորեն բարձրացել է Արևմուտքի համար, այսինքն՝ այս հանգամանքների համախումբը նպաստում է, որ շարունակի իր ավանդական՝ ուժի և սպառնալիքի ակտիվ կիրառմամբ, քաղաքականությունը: Ուստի այս իրավիճակում Իրանի դերակատարությունը Հարավային Կովկասում Մոսկվան բավականին կարևորում է՝ հասկանալով այդ հարցում Իրանի շահագրգռությունը:
Այսօր Հարավային Կովկասում Մոսկվան
ու Թեհրանը երկու խնդիր ունեն՝ թուլացնել Արևմուտքի ազդեցությունը կողմերի ու բանակցային գործընթացի
նկատմամբ ու զսպել Ադրբեջանին: Սա ենթադրում է խոսակցություն թե՛ բանակցությունների,
այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» բովանդակության, թե՛ ճանապարհների, թե՛ բազմակողմ
համագործակցության մասին: Ընդգծենք նաև, որ վերջին տասնամյակների ընթացքում Թեհրանի
ու Մոսկվայի հարաբերություններն այսչափ սերտ չեն եղել:
Արմեն Հովասափյան









