Վերջին օրերին ներքաղաքական խուլիգանությունների պակաս չունեցանք։ Դեպքերը տեմպով հաջորդում էին միյնանց։ Իշխանության խուլիգանական վարքագիծը, բացի պաշտոնյաների անձնային որակների՝ դաստիարակության, բարեկրթության, քաղաքավարության և այլ տարրական հատկանիշների բացակայությունից, ունի նաև այլ՝ ավելի խորքային պատճառներ։ Ըստ էության՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը վերածել է ազգային ժամանցավայրի, որտեղ սեփական խմբակցության պատգամավորները, ինչպես ինքն է շատ առիթներով սիրում ասել, «բլոկբաստերներ» են բեմադրում՝ ի ցույց հասարակության և աշխարհի։ Այսօր հայհոյանքը, զրպարտությունը, վիավորանքը դարձել են սովորական երևույթներ։ Քաղաքական բանավեճի որակն իջել է Փաշինյանի ռուսերենի իմացության մակարդակին, այսինքն՝ որպես այդպիսին, բացակայում է, իսկ իշխանության ներկայացուցիչների լկտիացման տեմպերն աճում են Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի առաջ նվաստանալու տեմպերին հակադարձ համեմատականով։
Այստեղ կա մի առանձնահատկություն․ սեփական թիմակիցներին դրդելով խորհրդարանական գործունեությունը վերածել թաղային լեզվակռվի՝ Նիկոլը լուծում է միանգամից մի քանի խնդիր։ Նախ այդպիսով իր թիմի անդամների մեծ մասին դարձնում է էլ ավելի կառավարելի, քանի որ խուլիգանական վարքագծի ցանկացած դրվագ ցանկացած պահի կարող է դառնալ քրեաիրավական քննության առարկա, լավագույն դեպքում՝ հեղինակին զրկելով պատգամավորական մանդատից։ Բայց այս գործընթացով լուծվում է նաև շատ ավելի կարևոր ու խորքային խնդիր․ հասարակությունը վերջնականապես հիասթափվում ու նողկում է քաղաքականությունից ընդհանրապես, որովհետև մարդիկ քաղաքականությունը սկսում են նույնացնել լկտիության, ամբարտավանության, ցինիզմի, հայհոյախոսության, բանսարկության հետ։ Համաձայնեք, սա իսկական նվեր է Փաշինյանի ու նրա իշխանության համար, որի գոյությունն ուղիղ կախվածության մեջ է Հայաստանում քաղաքական համակարգի կայացումից։ Ամենատարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այսօր Հայաստանում քաղաքական համակարգը գտնվում է աղճատված, ցաքուցրիվ, ոչ մրցունակ վիճակում։ Դա հենց այն է, ինչ պետք է Փաշինյանին, որովհետև ցանկացած պոպուլիստի թիվ մեկ թշնամին կայացած քաղաքական համակարգն է։
Քաղաքական ուժերը՝ առանձին-առանձին, և քաղաքական համակարգը՝ ամբողջության մեջ, մրցունակությունից զրկելու համար, ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, անհրաժեշտ է, որպեսզի
հասարակությունը դադարի քաղաքականությունը համարել խնդիրների լուծման, այդ թվում՝ նաև
իշխանափոխության միջոց։ Դրան էլ լավագույնս կարող է նպաստել քաղաքացիների շրջանում
քաղաքականության հետևողական վարկաբեկումն ու հեղինակազրկումը, ինչով էլ զբաղվում է
Նիկոլը՝ սեփական խեղկատակների միջոցով։
Աքսիոմատիկ է, որ կարճաժամկետ հատվածում քաղաքականության ապալեգիտիմացումը կարող է լուծել իշխանության
պահպանման խնդիրը։ Բայց հեռանկարային առումով դա ոչ միայն անարդյունավետ է, այլև չափազանց
վտանգավոր՝ առաջին հերթին նույն իշխանության համար։ Երբ քաղաքացիները հիասթափվում
են քաղաքականությունից, բայց երկրում խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև ավելանում
են ամեն օրվա հետ, մեծանում է այդ խնդիրներն ու դրանք ծնող իշխանության հարցերը լուծելու
այլ՝ արդեն ոչ քաղաքական միջոցների դիմելու գայթակղությունը։
Եթե ավելի պարզ՝ հեղինակազրկելով
քաղաքականությունը, Փաշինյանը ճանապարհ է հարթում քաղաքացիական պատերազմի համար՝ երևի
հույսով, որ այդ ողբերգական պահին ինքը հասցրած կլինի ճողոպրել, և հետևանքների համար
պատասխանատվություն կկրեն այսօր քաղաքականությունն այլասերող սեփական խեղկատակները։
Արմեն Հովասափյան









