Foto

Ռուսները հռետորաբանություն են փոխել

Օրերս՝ 44-օրյա պատերազմից հետո, ըստ էության, առաջին անգամ, ՌԴ-ն արձանագրեց, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Գաղտնիք չէ նաև, որ ադրբեջանական կողմի ռազմական սադրանքներն Արցախի դեմ վերջին ժամանակաշրջանում ավելի հաճախակի՝ գրեթե ամենօրյա ու համակարգային բնույթ են ստացել: Ուշագրավն այն է, որ նման իրավիճակներում, որոնք պատերազմից հետո քիչ չեն եղել, չեզոքություն պահպանող ռուսական կողմը սկսում է խախտել չեզոքությունը՝ հստակ արձանագրելով մեղավոր կողմին:

Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի ստորաբաժանումը, ի խախտումն նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետի, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում, «զբաղեցրել է 2094,0 նիշով բարձունքը (Սարըբաբա լեռից 2,9 կմ հյուսիս-արևելք) և սկսել դիրքի ինժեներային կահավորում: «Ադրբեջանական կողմին է հասցվել եռակողմ համաձայնությունների դրույթների պահպանման, ինժեներական աշխատանքների դադարեցման և ազգային զինված ուժերի՝ նախնական դիրքեր հետքաշման պահանջը»,- հաղորդել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը (մինչ այս պահը ռուսական կողմի հետքաշման պահանջը կատարված չէ):

Ըստ էության՝ վերջին մի քանի շաբաթների իրադարձությունները և միջադեպերը թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, և թե՛ ղարաբաղյան շփման գծում, այդ թվում՝ ռուսական գործոնի շրջանառությամբ, ցույց էին տալիս, որ Ադրբեջանը նպատակադրված կերպով փորձում է հասնել իր նպատակներին, քանի որ բանակցային գործընթացը երկարաձգվում է: Այս քայլերով Ադրբեջանը զուգահեռաբար մի քանի խնդիր է լուծում՝ և՛ փորձում է որոշ, ըստ իրեն, ռազմավարական հատվածներ գրավել, և՛ ճնշում բանեցնել ՀՀ-ի, Արցախի ու նաև Ռուսաստանի նկատմամբ՝ նպատակ ունենալով օր առաջ դուրս բերել խաղաղապահներին Արցախից:

Ստեղծված իրավիճակը բավականին ծանր է նաև ռուսական կողմի համար, քանի որ, ինչպես տեսնում ենք, դիվանագիտական հայտարարություններն Ադրբեջանի նկատմամբ որևէ էֆեկտ չունեն, իսկ ռազմական սադրանքները կանխարգելելու ամրագրված պարտավորություններ ռուս խաղաղապահները փաստացի չունեն, և պայմանագրին չհամապատասխանող ցանկացած քայլ կդնի ռուս խաղաղապահների՝ Արցախից վաղաժամ դուրսբերման հարցը: Ասել է թե, խաղաղապահներին, ՌԴ ՊՆ-ին մնում է բանակցելու մեխանիզմը, որն արդյունավետ չէ: Միևնույն ժամանակ ՌԴ ՊՆ-ի փոխված հռետորաբանությունը նշանակում է, որ ռուսական կողմը հասկանում է ստեղծված իրավիճակի բոլոր վտանգները և փորձում է ՌԴ-ի քաղաքականությանը ոչ բնորոշ քայլեր անել՝ խախտել չեզոքությունը (որքան էլ զարմանալի է): Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի նկատմամբ արդյունավետ չեն հորդորները, իսկ զսպման շատ ավելի կոշտ մեխանիզմներ չկան:

Այս փուլում Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախում որևէ չհաշվարկված քայլ, որը կարող է անակնկալների հանգեցնել և հավելյալ լուրջ խնդիր դառնալ՝ Ուկրաինային զուգահեռ, հաշվի առնելով նաև բոլոր ուղղություններով Ռուսաստանի ուղղությամբ սադրանքները:

Ի դեպ պետք է արձանագրենք նաև, որ բացի ձևակերպված և բոլոր կողմերի հետ համաձայնեցված պարտավորություններից, խաղաղապահների կոնտինգենտը սահմանափակ է։ Միանշանակ է, որ 2000-ը մեծ թիվ չէ Արցախի  համար, և, բնականաբար, չի «ծածկում» շփման ողջ գիծը, հետևաբար՝ այդ ներկայությունը բավարար չէ բոլոր ուղղություններով սադրանքները կանխելու համար: Հենց այդ պատճառով էլ դրանք տեղի են ունենում այնպիսի ուղղություններում, որտեղ, ըստ ամենայնի, չկան խաղաղապահներ, և միայն միջադեպից հետո են նրանք հայտնվում: Սա, իհարկե, խնդիր է, որը լավ հաշվարկված է Ադրբեջանի կողմից: Ուստի այդ ռեսուրսով ու չհստակեցված մանդատով խաղաղապահներին մնում է այդ թեժ կետերում կանգնել և թույլ չտալ առաջխաղացում, քանի դեռ այլ լուծումներ չեն գտնվել:

Ամփոփելով փաստենք, որր, ըստ էության, ընդհանուր առմամբ ՌԴ-ն ներկայումս առաջնորդվում է իր համար հավելյալ խնդիրներ չստեղծելու և Ադրբեջանի հետ համագործակցելու սկզբունքով, որը ոչ միշտ է արդյունավետ: Բայց Ռուսաստանի համար այս իրավիճակում հնարավորությունները շատ մեծ չեն, քանի որ դիվանագիտական խաղի հնարավորությունները ևս նեղացել են:

Արմեն Հովասափյան