Ապրիլի 4-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ Հարսանեկան պինգ պոնգ կատակերգական ներկայացումը:
Ներկայացման ռեժիսորն Արշո Հարությունյանն է: Դերերում են Գոռ Հակոբյանը, Իննա Խոջամիրյանը, Լևոն Հախվերդյանը, Անի Խաչիկյանը և Մանե Մխոյանը:
Ներկայացումը դավաճանության, չկայացած հարսանիքի ու առաջին հայացքից սիրո մասին է:
Տիգրանը, ով պետք է ամուսնանա, առավոտյան արթնանում է և հյուրանոցի այն համարում, որն ամրագրել էր իր հարսանիքի համար, տեսնում , որ անծանոթ աղջկա հետ է գիշերն անցկացրել: Շուտով հյուրանոցի համար է գալիս իր մտերիմ ընկերը՝ Ռոբերտը: Եվ որպեսզի հարսանիքը չխափանվի, Տիգրանը խնդրում է Ռոբերտին, որպեսզի իր հարսնացուի մոտ խոստովանի, որ հյուրանոցի այդ աղջիկն իր ընկերուհին է:
Նա դեռ պետք է պարզեր, որ այդ աղջիկն իսկապես իր ընկերուհին է եղել: Սակայն իսկական պինգ պոնգը սկսվում է, երբ պարզվում է, որ Ռոբերտն ու Տիգրանի հարսնացուն՝ Էվան, իրար են սիրում և նախորդ գիշերնբ իրար հետ են անցկացրել՝ կողքի սենյակում:
Պրոդյուսեր Արման Միտոյանը ներկայացումից հետո լրագրողների հետ կիսվեց տպավորություններով և սպասելիքներով. «Միշտ պրեմիերաներն ավելի լարված են լինում: Մտահղացումը ծնվել է մյուս պրոդյուսերի՝ իմ լավ ընկեր Տիգրան Վիրաբյանի մոտ, ինչպես միշտ լավ մտահղացումներին իր մոտ են ծնվում(ծիծաղում է) և երկու տարվա մեջ ընտրվեց կայացավ պրեմիերան: Երկար ժամանակ զբաղված էինք սցենարի ընտրությամբ, բայց երբ որոշվեց, թե ինչ գործ ենք ուզում բեմ բարձրացնել, արդեն Արշո Հարությունյանն անցավ իր գործին»:
Նա նաև նշեց, որ թիմն ի սկզբանե ընտրված էր, միայն մնում էր պարզել, թե ինչ պետք է անեն, ինչ գործ պետք է ներկայացնեն, որ համահունչ լինի թիմին:
Դերասանուհի Անի Խաչիկյանը, ով ներկայացման մեջ մարմնավորում է Լառային, կիսվեց իր դերի մանրամասներով. «Աղջիկ է, ով հայտնվել է մի իրավիճակում, ոչ իր մեղքով, ոչ իր կամքով ու ինչքան էլ, որ որոշակի մեղքի բաժին ունի, այնուամենայնիվ փորձում է ոչ ոքի իր հետ չքաշի այդ ջրհորը: Ու ընդհանուր ամբողջ ներկայացումն այնքան պինգ պոնգ է , որ առանց մեկս մյուսի խաղի, չէր հաջողվի»:
Գոռ Հարությունյանը, ով մարմնավորում է Ռոբերտին, նկատում է, որ ներկայացման ժամանակ մի քանի կիքսեր են թույլատրվել և դա բնական է, բայց կարծում է, որ հաջորդին այլևս չեն լինի. «6 ամիս շարունակ ամեն երեկո մենք փորձեր ենք արել: Կարծում եմ՝ ամեն ինչի տակից կարողացանք պատվով դուրս գալ: Առաջնային էր, որ հանդիսատեսն ամբողջությամբ զգար այդ ամենը»:
Հարցին, թե հնարավոր է այսուհետ նրան տեսնել թատրոնում, Գոռ Հարությունյանը նշեց, որ կոմերցիոն համագործակցությամբ անպայման, սակայն մշտական աշխատանքով՝ դժվար:
Ներկայացման պրոդյուսեր, մտահղացման հեղինակ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ շատ լավ կոլեկտիվ են հավաքել և այս ներկայացումն էլ այդ հրաշալի համագործակցության արդյունքն էր. Արմանի հետ անընդհատ քննարկում էինք, թե ինչ ներկայացում կարող ենք ստեղծել: Ի դեպ ՝ դերասանական խմբում իմ սիրելի դերասաններն են: Փորձերի ընթացքում հասկացանք, որ այս դերասանական խումբը կամաց-կամաց վերածվում է լավ ընտանիքի և այսօր կարողացան նրանք ապացուցել, որ իրենք շատ սիրում են իրենց աշխատանքը: եվ հանդիսատեսի այսօրվա բուռն արձագանքը գալիս է ապացուցելու, որ մենք չենք սխալվել և՛ պիեսի ընտրության, և՛ դերասանների ընտրության հարցում: Սա դեռ պրեմիերան է, ներկայացումը վստահ եմ՝ երկար կյանք է ունենալու»:
Վիրաբյանը նշեց, որ քննարկվում է ներկայացման աշխարհագրությունը մեծացնելու հարցը: Հրավերներ են ստացել ներկայացումը ԱՄՆ և այլ երկրներ տանել:
