Foto

Ճոճանակը

Մինչ մեր տարածաշրջանում և Հայաստանի շուրջ, Ադրբեջանի ու Թուրքիայի միասնական ջանքերով, լարվածությունը չի թուլանում, իսկ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանի» հեռանկարները չեն երևում, Հայաստանի իշխանությունները հետևողականորեն պատրաստվում են Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացմանը։ Սպասվում է, որ արդեն այս տարվա կեսերին սահմանը կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Թուրքիային սահմանակից Մարգարա գյուղում ՊԵԿ-ն արդեն հասցրել է նվիրատվության կարգով հողատարածք և շենք-շինություններ ստանալ, որոնք սահմանի բացման դեպքում պետք է ծառայեն երկու երկրների միջև մաքսային գործընթացների կազմակերպմանը։ Թեև այս փուլում դեռ չի խոսվում ցամաքային սահմանի լիարժեք բացման և այդ ճանապարհով ազատ առևտրի իրականացման մասին, այնուհանդերձ իշխանությունները նախապատրաստվում են նաև դրան։

Մասնավորապես, Վահան Քերոբյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է հիմնավորել սահմանի բացման նպատակահարմարությունը։ Այնինչ՝ կար ժամանակ, որ կողմ էր Թուրքիայի նկատմամբ էմբարգոյի կիրառմանը և հայկական արտադրողներին թուրքական ապրանքների էքսպանսիայից պաշտպանելու գաղափարին։ Բայց դա այն ժամանակ՝ երբ պատերազմից հետո կառավարությունը որոշել էր տուրք տալ հասարակության տրամադրություններին ու արգելանք կիրառել Թուրքիայից ներմուծումների նկատմամբ։ Հետո տեսանք, թե ինչպես կառավարությունը մտափոխվեց և վերացրեց էմբարգոն։ Այդ ժամանակ արդեն նույն Քերոբյանը սկսեց պաշտպանել էմբարգոյի վերացման գաղափարը, քանի որ այդպես էր ուզում կառավարությունը։ Նա այժմ հետևողականորեն հիմնավորում է հայ-թուրքական սահմանի բացման նպատակահարմարությունը։ Ասում է, թե Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը ՀՀ տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։ Այդ հնարավորությունից օգտվելու համար, նրա կարծիքով, հայկական ապրանք արտադրողները պետք է կարողանան բարձրացնել իրենց արտադրողականությունն ու աշխատանքի արդյունավետությունը։

Տնտեսությունից քիչ թե շատ հասկացող որևէ մեկը երբեք չի կարող ասել, որ փակ սահմանները լավ են տնտեսության համար։ Ամբողջ խնդիրն այն է, թե ՀՀ տնտեսությունն այսօր որքանով է պատրաստ սահմանների բացմանը։ Ո՛չ էկոնոմիկայի նախարարությունը, ո՛չ էլ, առավել ևս, կառավարությունը տեղական արտադրանքի արտադրողականությունը բարձրացնելու համար ոչ մի շոշափելի քայլ չեն արել։ ՀՀ տնտեսության արտադրողականությունն այսօր նույնքան ցածր է, որքան տարիներ առաջ, իսկ մրցունակության առումով վիճակը նույնիսկ ավելի վատ է։ Ցածր արտադրողականությունից բացի, այսօր Հայաստանի տնտեսությունը բախվում է նաև ֆինանսական շուկայից եկող ուժեղ ճնշման, ինչի հետևանքով արտաքին շուկաներում թուլանում է հայկական ապրանքների մրցունակությունը։ Մինչ դրամը ուժեղանում է՝ հարվածելով տեղական արտադրողին, թուրքական լիրան թուլանում է՝ արտաքին շուկաներում ավելացնելով այդ երկրի ապրանքների մրցունակությունը։ Այսպիսի քաղաքականությունը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանի տնտեսությանը՝ հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման և ազատ առևտրի իրականացման պարագայում, ինչքան էլ Քերոբյանը փորձի հիմնավորումներ ներկայացնել՝ իշխանությունների քաղաքական նպատակահարմարություններից ելնելով։ Այն, որ անցած տարի Հայաստանից Թուրքիա արտահանումը կտրուկ ավելացավ, հիմք չէ խոսելու թուրքական շուկայում հայկական ապրանքների իրացման հեռանկարների մասին։ Հայտնի է, որ աճը գերազանցապես ոսկու, այն էլ՝ ոչ թե պատրաստի արտադրանքի, այլ՝ հումքի արտահանման հաշվին էր։

Կասկածից վեր է, որ հայ-թուրքական սահմանի բացումը միայն ընդլայնելու է թուրքական ապրանքների հոսքը հայաստանյան շուկա ու կմեծացնի ճնշումը տեղական արտադրության վրա։ Հատկապես այնպիսի տնտեսական ու ֆինանսական քաղաքականության պայմաններում, որն իրականացնում են այս իշխանությունները։

Արմեն Հովասափյան