Ադրբեջանն աննախադեպ տեղեկատվական գրոհ է սկսել Հայաստանի ու Արցախի դեմ, որին
առավելապես արձագանքում է ոչ թե ՀՀ-ն, այլ Իրանը՝ ոչ պաշտոնական խողովակներով, մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող տելեգրամյան ալիքների միջոցով:
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորումից և երեք ոստիկանի սպանությունից հետո Ադրբեջանը շարունակում է սրել իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախյան շփման գծում կրակահերթերով և ապատեղեկատվության աննախադեպ ծավալով: Ըստ էության, նման գործիքակազմ կիառելը խոսում էր, և հետագա ընթացքը ցույց տվեց, որ հենց այդպես էլ եղավ, որ Ադրբեջանն իր համար ուղղակի հող էր նախապատրաստում՝ իր գործողությունները լեգիտիմացնելու նպատակով (նախօրեին Տեղ գյուղի տարածքում կատարվածն առանձին խոսակցության թեմա է)։ Մասնավորապես, այս շրջանի ապատեղեկատվության առանցքային հիմնասյուներից է Հայաստանից դեպի Արցախ տեղափոխվող սպառազինության թեման, ինչը Երևանն ու Ստեփանակերտը բազմիցս հերքել են: Ապատեղեկատվությունից ու թիրախավորումից զերծ չեն մնում նաև խաղաղապահներն Արցախում ու ռուս զինծառայողները՝ ՀՀ-ում: Ապատեղեկատվությունը կրում է ամենօրյա բնույթ, նույնիսկ մեդիա փորձագետներն են խորհուրդ տալիս այս օրերին ավելի ուշադիր լինել՝ չտրվել Ադրբեջանի կողմից ուղղորդվող տեղեկատվությանը: Թեմայի հետ կապված ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրությամբ հանդես եկավ, դրան զուգահեռ նաև փորձագիտական դաշտից եղան արձագանքներ և մեկնաբանություններ։
Եթե ավելի բացենք փակագծերը,
ապա ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ Ալիևն այնպիսի մթնոլորտ է ստեղծում,
որ Հայաստանը բոլոր ուղղություններով ընդունի Ադրբեջանի պայմանները և ստորագրվի, այսպես
կոչված, «խաղաղության պայմանագիրը»՝ այն տարբերակով, ինչ Ադրբեջանն է առաջարկում: Ի
դեպ՝ չի բացառվում, որ «խաղաղության համաձայնագրի» երկու կողմերի տարբերակներով փոխանակվելը
կարող է անվերջ շարունակվել, իսկ Ադրբեջանը ցանկանում է իր տարբերակի անվերապահ ընդունում
ու ստորագրում: Գաղտնիք չէ, որ սովորաբար լայնածավալ պատերազմներին նման մեծ տեղեկատվական
արշավներ չեն նախորդում, սահմանային սադրանքներ, փոքր միջադեպեր, ինչպես հասկանում
ենք, տեղի ունենում են այս արշավին զուգահեռ, բայց լայնածավալ պատերազմի հավանականությունն
այս իրավիճակում թերևս քիչ հավանական է:
Ըստ էության՝ իրանական
ոչ պաշտոնական սպառնալիքները, որոնք Ադրբեջանին իսկապես անհանգստացնում են, ուղղված
են Ադրբեջանի զսպմանը: Սրա պատճառը նաև այն քաղաքականությունն է, որը տանում է Ադրբեջանն
Իրանի դեմ: Ակնհայտ է նաև այն, որ այս խնդիրն Իրանը չի սկսել, այլ՝ Ադրբեջանը: Իրանը
մեկուկես տարի զսպվածություն դրսևորեց, հստակորեն հասկանալով, թե որտեղից է գալիս Ադրբեջանի՝
Իրանի դեմ ուղղորդումը, և Ադրբեջանին զսպելու համար Իրանը նոր մարտավարություն է որդեգրել, ինչը սպասելի
էր, քանի որ լարվածությունը մեծանում է: Վերջին շրջանում Ադրբեջանի շանտաժը ուղիղ կերպով
հասել է նաև տարածաշրջանում ռուսական կոնտինգենտին, որին ՌԴ-ն պետք է հավուր պատշաճի
արձագանքի, այլապես այս գիծը շարունակվելու է՝ թիրախավորելով ՌԴ զինծառայողներին, ինչը Ռուսաստանի համար անթույլատրելի է:
Փաստացի, ողջ տարածաշրջանում իրադարձությունները խտացել են, ՌԴ-ն իր ազդեցության գոտում ավելի պասիվ դիրքորոշում է որդեգրել՝ Իրանին տալով ազդեցությունն ավելի մեծացնեու հնարավորություն և կարգավորելու որոշ հարցեր: 44-օրյա պատերազմից հետո Իրանը դրան ձգտում էր, իսկ ներկայումս ունի հնարավորություն՝ իսկապես իրեն դրսևորելու տարածաշրջանի այս կողմում: Բայց ներկայումս տեղի ունեցողը ողջ գործիքակազմը չէ, ինչին տիրապետում է Իրանը: Ոչ պաշտոնական տեղեկատվական հարթակներն իրականում միայն փոխանցում են որոշ շրջանակների տրամադրությունը, իսկ քաղաքական որոշումները շատ ավելի ազդեցիկ ու որոշիչ կարող են լինել: Մենք տեսնում ենք նաև, որ այսօր Իրանն ավելի արմատական է հանդես գալիս, քան մեկ տարի առաջ, պատրաստ՝ զսպելու ոտնձգությունները:
Արմեն Հովասափյան









