Արտաքին գործերի նախարարությունն ակտիվ երկխոսություն ունի ԱՄՆ գործընկերների հետ։ 907-րդ բանաձեւում ուղղում կատարելու ԱՄՆ պետքարտուղարության նախաձեռնության վերաբերյալ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան այսպես են արձագանքել ՀՀ ԱԳՆ-ից։
«Ի պատասխան մարտի 28-ի Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳ նախարարությունն ակտիվ երկխոսություն ունի ԱՄՆ գործընկերների հետ, ինչի ընթացքում մշտապես քննարկվում են երկկողմ հետաքրքրության բոլոր հարցերը»,- նշված է ԱԳՆ պատասխանում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱՄՆ-ն ոչ միայն պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի նկատմամբ՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը չկատարելու համար, այլեւ ԱՄՆ պետքարտուղարությունն առաջարկում է ուղղում կատարել 907-րդ բանաձեւում, ինչը հնարավորություն կտա նաեւ ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էինք, թե հարցի վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում ունի ՀՀ ԱԳՆ-ն, արդյոք սրանով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը՝ ԱՄՆ-ն, կանաչ լույս չի վառում Ալիեւի առաջ՝ նոր ռազմական էսկալացիայի համար։
Բացի այդ, արձանագրելով ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե Ադրբեջանը շատ երկրա սահման ունի Իրանի հետ եւ պետք է պաշտպանել այն՝ խնդրել էինք ՀՀ ԱԳՆ-ի գնահատականը, թե արդյոք նման հայտարարությունները չեն խախտում հավասարակշռությունը տարածաշրջանում։ Եւ արդյոք ՀՀ -ն պատրաստվո՞ւմ է ԱԳՆ հրավիրել Հայաստանում ԱՄՆ դեսպանին՝ պարզաբանումներ տալու, թե ինչու է Միացյալ Նահանգները պատժամիջոցների փոխարեն աջակցում նրան եւ 907-րդ ուղղումն ի՞նչ կապ ունի Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունների հետ։
Մինչև գրավոր հարցումն ուղարկելը, ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին խնդրեցինք բանավոր պատասխանել հարցերին, սակայն վերջինս ասաց, որ հարցերը փոխկապակցված են և մի քանի պատասխան են ենթադրում և հորդորեց դրանք գրավոր տարբերակով ուղարկել։ Ինչպես պարզ է դառնում ԱԳՆ հակիրճ պատասխանից՝ նախարարությունում հերթական անգամ խուսանավել են բարձրացված հարցերին ուղիղ պատասխանել և սահմանափակվել են դրանց ընդհանրական ու անուղղակի կերպով արձագանքելով։









