Foto

100 հա քիչ տարածք չի, և այսպես մաս-մաս Փաշինյանը հանձնում է․ ռազմական փորձագետ

Ադրբեջանը կրկին դիրքային առաջխաղացում ունի և, ըստ ԱԱԾ-ի, խախտել է ինչ-որ պայմանավորվածություն, որի մասին ՀՀ քաղաքացիները նույնիսկ տեղյակ էլ չեն եղել։ Թշնամու առաջխաղացումը չի կասեցվել: Թե ինչո՞ւ՝ հարցը կրկին պատասխանատուների կողմից թողնվում են անպատասխան։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։

-          Այս իրավիճակն ինչո՞վ կարելի պայմանվորել։

-    Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմը պայմանավորվածություն է խախտել, վաղօրոք եկել և դիրքեր է զբաղեցրել։ Հայկական կողմը, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը նման պայմանավորվածությունները հաճախ է խախտում, պետք է պատրաստ լիներ դրան։ Հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանը մեր տարածքում է դիրքավորվել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են թույլ տվել։ Արդարացումները ՔՊ քաղաքական խմբակը թող իր ներքին քննարկումների համար պահի։ Փաստացի, Տեղ գյուղում մոտ 100 հա տարածք ուղղակիորեն Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ինչո՞ւ 2,5 տարում շրջանցող ճանապարհը կառուցված չէ։

-          Այդ ճանապարհի մասին խոսելիս՝ երեկ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է ապրիլի 1-ին հանձնվեր՝ ըստ պայմանվորվածության, ինչպես նաև հայկական տարածքը կրկին անվանեց ադրբեջանական։ Ինչի՞ համար է սա արվում։

-          Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, հիշողության հետ խնդիրներ ունի՝ 2021թ մայիսի 12-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը Սև լճի տարածքում բավականին լուրջ առաջընթաց ունեցան, այն ժամանակ իրենք լուռ էին, հետո ասեցին Ադրբեջանի տարածք է, հետո էլ թե՝ հո Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չեն՞ք սկսի։ Հիմա էլ նույն մոտեցումն է։ Ո՞նց է որոշվում, որ Ադրբեջան է, դելիմիտացիա, դեմարկացիա արվե՞լ է։ Այս ամենի պատճառը պասիվ կեցվածքն է, գործընթացները քաղաքական առումով կասեցնելը։ Հայաստանի սհամաններն ամբողջությամբ վտանգված են, որի մասին Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարում (Գերմանիա), ի՞նչ է անում սահմանների պաշտպանության համար։ Ընդամենը փորձում է արդարացումներ գտնել։ Ասացվածքն ասում է՝ ստեղծված իրավիճակում հիմարներն արդարացումներ են փնտրում, խելոքները՝ լուծումներ են տալիս։

-          Լրատվականներին և հանրությանը հայտնի են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հարտարարությունները։ Երեկ վարչապետն ասաց, որ ապրիլի 1-ի վերաբերյալ ինչ-որ պայմանվորվածություն է եղել։ Ձեզ հայտնի՞ է արդյոք, թե ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։

-          Փաշինյանը, փաստորեն, հրապարակավ ասեց, որ կան բանավոր պայմանավորվածություններ, որ իրենք գաղտի են պահում և ոչ մեկ դրա մասին իրազեկ չէ։ Սա ևս մեկ անգամ հաստատում է փորձագիտական շրջանակների և քաղաքական ընդիմության մոտեցումը, որ Փաշինյանն Ալիևի հետ ունի բանավոր պայմանավորվածություններ։ Դրա մասին պարբերաբար խոսում է նաև ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Սա այդ բանավոր պայմանավորվածության շրջանակներում է։ Սրանց մոտ երկրի կառավորումը նման է մանկական խաղերի։ Մինչև մտածում են, թե ինչ պետք է անեն՝ Ադրբեջանը գալիս է, տարածքը վերցնում է։ 100 հա-ն քիչ տարածք չի, և այսպես մաս-մաս Փաշինյանը հանձնում է։ Այն 800 հա-ն հիշո՞ւմ եք, որ քառակուսի միլիմետրով էին ասում։ Հիմա իրենց համար տասնյակ կամ 100-ավոր կիլոմետրերը հանձնելն օրինաչափություն է։ Սրա համար, ո՞վ է պատասխանատվություն կրում։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան