Foto

Ո՞րն է հասարակական ճանաչումը

Քանի որ ՄԻՊ ընտրության շուրջ կրքերը հասել են մի մակարդակի, որտեղ քննարկվում է թեկնածուի հանրային կամ հասարակական ճանաչման հարցը, կիսվեմ իմ պատկերացումներով:
Սկսենք դասականից. Թումանյանը գրում էր. «Չարն էլ է միշտ ապրում անմեռ, Անե՜ծք նրա չար գործքին»: Այսինքն, Մեծ բանաստեղծը ժամանակին արդեն տվել է «հանրային ճանաչման» ֆենոմենի բացատրությունը՝ մարդը կարող է լինել հանրության կողմից ճանաչված, բայց հիմնականում կամ բացառապես նաև իր բացասական, ապազգային կամ հակամարդկային հատկանիշներով ու արարքներով: Բայց, քանի որ մենք դադարել են կարդալ, հավանել կամ հետևել մեծերին, մեզ պետք են ժամանակակից օրինակներ: Օրինակ՝ եթե մեկը ասում է «պուպուլիկ», անկախ այդ բառի բուն իմաստից, այն նույնականացնում ենք կոնկրետ մեկ մարդու հետ, բացատրության կամ մեկնաբանման առիթ չի լինում: Հիմա՝ «պուպուլիկը», անկախ իր նկատմամբ վերաբերմունքից, հասարակական ճանաչում ունի: Մեկ այլ օրինակ. բոլորս լսել ենք ախուրյանցի Անոյի մասին, տեսել ենք նրա վիդեոները և դրանով իսկ այնքան հասարակական ճանաչում ունի, որ «ծալած» ունի դատախազի բոլոր տեղակալներին՝ միասին վերցրած: Մեկ ուրիշ օրինակ էլ բերեմ. Երևանը, մինչև վերջերս, մի քաղաքապետ ուներ, որի անունն էդպես էլ չհիշվեց: Իհարկե, նրա վերաբերյալ հանրային ճանաչումն էլ հենց այն է, որ ինքը կար, բոլորն իր մասին գիտեին, բայց անունն այդպես էլ չհիշվեց: Նկատեք՝ ոչ թե մոռացվեց, այլ ուղղակի չհիշվեց:
Ասածս այն է, որ ամեն ականջը կտրած Վան Գոգ չի, ամեն շարքային արվամոլ Էլթըն Ջոն չի, իսկ ամեն հասարակական ճանաչում դեռ դրական գնահատական չի:
Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան