Մոսկվան ակնկալում է, որ ՀԱՊԿ մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները» կդադարեն, և դրա հետ կապված ծագող հարցերը կառուցողական լուծում կստանան։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը չէ, որ դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, այլ, հնարավոր է, ՀԱՊԿ-ն է հեռանում Հայաստանից, Գալուզինը նշեց. «Ակնկալում ենք, որ «ով որտեղից է դուրս գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, ներառյալ Հայաստանի տարածքում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայումը, կլուծվեն կառուցողական և փոխշահավետ ձևով»։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հաստատել է իր պատրաստակամությունը, Հայաստանի անվտանգության ապահովման շահերից ելնելով, իրականացնել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայման ծրագրերը, ինչպես նաև աջակցության այլ միջոցառումներ, որոնք նախատեսված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին համապատասխան որոշման նախագծով։









