Foto

Կանադան պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Կանադայի կառավարությունը հայտարարել է Իրանում մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև այդ երկրում անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների արտադրության հետ կապված երկու ձեռնարկությունների և ութ անհատների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, գրում է VOA-ն։ «Կանադայի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը տասներորդն է հոկտեմբերից ի վեր, ուղղված է հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և իրավապահ ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ Թեհրանում և Իրանի հյուսիս-արևմուտքում մարդու իրավունքների լայնածավալ և համակարգված խախտումների համար»,- հայտարարել է Կանադայի ԱԳՆ-ն: Նշվում է, որ պատժամիջոցներն ուղղված են նաև Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք կապված են անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների արտադրության հետ: Հիշեցնենք, որ Թեհրանը հերքում է Մոսկվային անօդաչու թռչող սարքերի վաճառքը՝ Ուկրաինայի պատերազմում օգտագործելու համար։

Տաթև Ֆռանգյան