Հայաստանում իշխանությունը բռնազավթելուց հետո ժողովրդավարությունը ՀՀ բրենդ հռչակած Նիկոլ Փաշինյանն, իրականում, ժողովրդավարության կենդանի հակագովազդ է, գուցե ոչ միայն՝ Հայաստանի, այլև աշխարհի մասշտաբով: Սա փաստ է, որն ապացուցվել է Փաշինյանի իշխանության տարբեր դրվագներում։ Անենօրյա ռեժիմով տեղին-անտեղին խոսելով «ժողովրդի իշխանության» մասին և իրեն ներկայանալով իբրև «ժողովրդի իշխանության կրող»՝ ցույց է տալիս, թե ինչպիսին չպետք է լինի ժողովրդավարությունը և ժողովրդի իշխանությունը: Այլ բնութագրիչներով՝ եթե ժողովրդավարության արդյունքն ինքն է՝ վարչապետի պաշտոնում, և ամոթալի խեղկատակությունը՝ խորհրդարանում, ապա քաղաքացիների մոտ ողջամիտ կասկած կարող է առաջանալ ժողովրդավարության՝ որպես պետական ու հանրային կյանքի կազմակերպման ձևի նպատակահարմարության մասին:
Թյուրըմբռնում չլինելու համար ընդգծենք, որ ասվածից ամենևին չի բխում, թե ժողովրդավարությունն այլընտրանք ունի կամ, առավել ևս, որ մյուս ոչ ժողովրդավարական կարգերն ավելի նախընտրելի են: Պարզապես, քանի դեռ Փաշինյանն է մարմնավորում «ժողովրդի իշխանությունը», և քանի դեռ նրա ղեկավարած խաժամուժն է խորհրդարանական կառավարման երկրում ներկայացնում պառլամենտարիզմը, ժողովրդավարությունը արժեզրկվելու և վարկաբեկվելու է անդառնալիորեն: Արձանագրենք, որ դա ամենաշատը ձեռնտու է հենց Նիկոլին, ում համար ժողովրդավարությունը ոչ թե հավատամք է, այլ ընդամենը իշխանությունը զավթելու միջոց և այսօր էլ ծառայում է՝ որպես ամենաբիրտ մեթոդներով իշխանությունը պահպանելու արտաքին շղարշ: Հետաքրքիրն այն է, որ առաջին հերթին Փաշինյանի՝ ժողովրդավարության դեմ ոտնձգությունները հանդուրժում և խրախուսում են հենց արևմտյան այն երկրները, որոնք ամենաշատն են կարևորում ժողովրդավարությունը, որոնց համար ժողովրդավարությունն իբր արժեք է:
Ըստ էության՝ ժողովրդավարության
ամենախոցելի կողմերից մեկը պոպուլիզմի հանդեպ դիմադրողականության պակասն է: Հայաստանում
տեղի է ունեցել հենց դա՝ պոպուլիստների մի խմբակ, օգտագործելով ժողովրդավարության գործիքակազմը,
եկել է իշխանության և ամեն օր վարկաբեկում է ժողովրդավարությունը: Պոպուլիզմը առանձնապես
վտանգավոր չէ, երբ դրսևորվում է՝ որպես մարգինալ հոսանք, բայց այն դառնում է ազգային անվտանգության սպառնալիք այն ժամանակ, երբ փոխարինում է պետական քաղաքականությանը:
Ստեղծված իրավիճակի առանձնահատկությունն
այն է, որ Փաշինյանին կանխելու միջոցը կրկին ժողովրդավարությունն է, բայց ոչ թե պոպուլիստական,
այլ իրական ժողովրդավարությունը: Դրա համար բոլոր քաղաքականությամբ զբաղվողները պետք
է ժողովրդավարությունը փրկեն Նիկոլից և պոպուլիզմից: Իսկ դրա համար անհրաժեշտ է,
որպեսզի փրկելու հավակնություններ ունեցողներն իրենց հերթին՝ նույնպես զերծ լինեն պոպուլիզմից
և հետևեն ժողովրդավարության ոչ թե ձևին, այլ բովանդակությանը:
Արմեն Հովասափյան









