Գեղարքունիքի մարզում պարեկի՝ հանկարծամահ լինելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Հանկարծամահության բոլոր դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվում այս հոդվածով և միայն քննության արդյունքում են տրվում վերջնական գնահատականներ։
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- նշեցին ՀՀ ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների շտապբուժօգնության բրիգադը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր, որտեղ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է, որ նույն օրը՝ ժամը 00։05-ի սահմաններում, իրենց տանը ունեցել է ինքնզգացողության կորուստ, ինչն էլ դարձել է հանկարծամահության պատճառ։
ՀՀ քննչական կոմիտե









