Foto

Արարատ Միրզոյանը՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու մասին

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու հարցի շուրջ, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Գրում է Aysor.am-ը։

«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի  ու նրա ռեժիմի շուրջ բանակցությունները  վաղուց ավարտվել են ու կարգավորումները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի  ու Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում:

Այնտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ ու Ադրբեջանն անխոչընդոտ ապահովում է երկկողմանի երթևեկությունը», - նշեց ԱԳ նախարարը:

Նա նշեց, որ սա ամրագրված պայմանավորվածություն է, ու Հայաստանը պետք է արդեն կասկած հայտնի հետագա բանակցությունների նպատահարմարության վերաբերյալ:

«Այսինքն՝  ի՞նչ իմաստ ունի  այլ հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից: Ո՛չ, մենք  չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ  դնելու շուրջ», - հայտարարեց Արարատ Միրզոյանը: