Քաղաքացիական
պայմանագրի գաղափարը, որն ընկած է նոր ժամանակների պետությունների ճարտարապետության
հիմքում, արտահայտում է տվյալ տարածքում ապրող բոլոր քաղաքացիների համաձայնությունը՝
այս կամ այն կերպ իրենց կյանքը կազմակերպելու հարցում։ Այդ գաղափարի հեղինակն անգլիացի
հայտնի փիլիսոփա Թոմաս Հոբսն այն հիմնավորում էր պարզորոշ կերպով՝ քաղաքացիական պայմանագիրը
և որպես դրա հետևանք առաջացող պետությունն անհրաժեշտ է, որպեսզի հասարակության մեջ
չգործի «բոլորն ընդդեմ բոլորի» բանաձևը։ Հետևաբար՝ մարդիկ պետք է կնքեն քաղաքացիական
պայմանագիր, որպեսզի դրա հիման վրա գոյացող պետությունն աշխատի՝ «որոշները բոլորի համար»
սկզբունքով։
Հոբսյան քաղաքացիական
պայմանագիրը՝ որպես պետության կազմավորման հիմնաքար, իհարկե, իդեալական մոդել չէ, և
պատահական չէ, որ պետության մասին իր հիմնարար աշխատությունը փիլիսոփան կոչել է «Լևիաթան»
(Աստվածաշրչյան հայտնի ծովային հրեշի անունով)։ Այնուհանդերձ, իդեալական չլինելով, քաղաքացիական
պայմանագիրը մարդկանց գոյակցությունն ապահովելու այն ձևն է, որից ավելի լավը մարդկությունը
դեռևս չի գտել։ Հետևաբար՝ բոլոր ժողովուրդների, հասարակությունների խնդիրը ոչ թե քաղաքացիական
պայմանագրին այլընտրանքային կեցություն փնտրելն է, այլ դրա արդյունքում գոյացող հրեշին,
տվյալ դեպքում Լևիաթանին, զսպելը, ինչն էլ հատկապես ժամանակակից ժողովրդավարական պետություններում
կատարվում է քաղաքական, հանրային, քաղաքացիական վերահսկողության ամենատարբեր համակարգերի,
հակակշիռների, զսպումների, հաշվետվողականության, պատասխանատվության ինստիտուտների գործադրման
միջոցով։
Ցավոք շատ են էմպիրիկ
տվյալներով ապացուցված բազմաթիվ տեսություններ, թե ինչպես է հանրային արդյունավետ վերահսկողությունը
ամենակուլ Լևիաթանին ստիպում գործել ի շահ հասարակության, և հակառակը, ինչպիսի դեսպոտային
դրսևորումներ է ստանում այն՝ հակակշիռների ու հաշվետվողականության բացակայության պայմաններում։
Թեմայի հետ կապված Տարոն
Աճեմօղլուն «Նեղ միջանցք» աշխատության մեջ նշում է, որ պետության բռնակալցման և անարխիայի
կամ պետության բացակայության միջակայքում կա փոքր, նեղ միջանցք, որում՝ հանրային արդյունավետ
մոբլիլիզացիայի և վերահսկողության դեպքում պետությունը կարող է գործել ի շահ քաղաքացիների։
Հակառակ դեպքում այն կամ դառնում է հրեշ, կամ հաստատվում է անիշխանություն։
Դառնանք մեր իրականությանը․ քաղաքական հակակշիռների
ու հանրային վերահսկողության համակարգերի գործառութային չգոյության պայմաններում Նիկոլ
Փաշինյանը Հայաստանը դուրս է հանել այդ միջանցքից և հաստատուն քայլերով գնում է պետության
դեսպոտացման ճանապարհով։ Լայն իմաստով, նա կարողացել է հանձնել Լաչինի միջանցքը նաև,
իսկ գուցե առաջին հերթին՝ այն պատճառով, որ մենք՝ որպես հասարակություն, իրեն ենք հանձնել
այն միջանցքը, որում գտնվելով միայն պետությունը կարող էր չվերածվել հրեշի։
Կատարվածի ողջ ողբերգությունն
այն է, որ դա արդեն տեղի է ունեցել, և հիմա Հայաստանը՝ որպես քաղաքացիական պայմանագրի
վրա հիմնված կազմավորում, ամեն օր ավելի բռնակալական է դառնում։ Գործնականում
այլասերվել է քաղաքացիական պայմանագրի հիմքում դրված գլխավոր գաղափարը և «բոլորը բոլորի
դեմ» սցենարը կանխելու փոխարեն՝ հիմա Հայաստանում գործում է «որոշները բոլորի դեմ»
մեխանիզմը՝ ի դեմս Նիկոլի իշխանության մի քանի տասնյակ կամ հարյուր ներկայացուցիչների՝
մի կողմից, և միլիոնավոր մարդկանց՝ մյուս կողմից։ Իսկ այն, որ դա տեղի է ունենում
«Քաղաքացիական պայմանագիր» հնչեղ անունը կրող խմբակի կողմից, ընդամենը լիրիկական մարազմ
է։
Արմեն Հովասափյան









