Foto

Ի՞նչ է թաքցնում Փաշինյանն իր և Բլինքենի հարցազրույցից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որում առաջարկել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը՝ նպաստելու Ադրբեջանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Պետքարտուղար Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ խաղաղությանը նվիրված լինելու համար և խրախուսել կոնկրետ դեպի առաջ քայլերը՝ չլուծված խնդիրների լուծումները գտնելու ուղղությամբ, ընդգծել, որ ռազմական լուծում չկա:

Ավելի վաղ ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ Փաշինյանը և Բլինքենը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:

Թեև առաջին անգամը չէ, որ մնան շփումների դեպքում պաշտոնական Երևանի հաղորդագրությունները տարբերվում են մեր գործընկերների հաղորդագրություններից: Բայց, այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը, որ հայկական կողմը լռում է բանակցային գործընթացի մասին՝ կարևորելով բացառապես հումանիտար ճգնաժամը: Եթե հիշում եք, բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը կատարի իր խոստումները: Թե ի՞նչ է խոստացել Փաշինյանը, կարելի է կռահել Ալիևի խոսույթից և վերջերս Արմեն Աշոտյանի հրապարակած փաստաթղթից: Բլինքենը մասնավորապես ակնարկում է, որ Փաշինյանի որդեգրած քաղաքական վեկտորը իրենց ձեռնտու է և պատրաստ են խրախուսել հենց դա, այսինքն՝ բանակցային մի գործընթաց, որտեղ չկա Ռուսաստանը, և, որ Փաշինյանը նրան չի էլ դիմի: Գուցե հենց այստե՞ղ է գաղտնիքը, որ հայկական կողմը լռում է հեռախոսազրույցի երկրորդ հատվածի մասին: Սա կարծես հասկացանք, բայց մի անհասկանալի հանգամանք էլ կա Պետդեպի հաղորդագրության մեջ: Այնտեղ Փաշինյանին ասվում է, որ խնդրի ռազմական լուծում չկա: Ինչո՞ւ է դա ասվում Փաշինյանին, ով ոչ մի անգամ խնդրի ռազմական լուծման մասին չի խոսել, հրաժարվել է Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց, այդ կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, կռիվ չի տալիս ձյունածածկ բարձրունքների դիրքերի համար, փոխարենն ամեն անգամ՝ Բաքվի ռազմատենչ հայտարարությունների առիթով, շեշտում է, որ հավատարիմ է «խաղաղության դարաշրջանի» իր քաղաքական գծին: Արդյո՞ք Բլինքենը կարծում է, որ Փաշինյանը կարող է գնալ ռազմական արկածախնդրության, թե՞ ակնարկում է, որ եթե շատ արագ չկատարվեն տրված կոնկրետ խոստումները, ապա  Ալիևին «անհնար» կլինի ետ պահել ռազմական լուծումներից: Իսկ գուցե դրա համար կասկածների տեղիք են տալիս Փաշինյանի այն հայտարարությունները, թե պատրաստ է ստորգրել և՛ ԵՄ-ի, և՛ ՌԴ-ի կողմից ներկայացված առաջարկների տակ, միայն թե դրան չի համաձայնվում Ադրբեջանի նախագահը:

Հետաքրքրական է նաև այն, որ հեռախոսազրույցը տեղի ունեցավ Լավրով-Միրզոյան հանդիպմանը զուգահեռ։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան