ՔՊ խմբակցությունը մերժեց Բերձորի միջանցքի հետ կապված ԱԺ հայտարարության նախագծի «Հայաստան» խմբակցության տարբերակը, որով փաստացի հրաժարվեց 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրից: ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ճեպազրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
Նրա խոսքով, սա նշանակում է, որ իշխանություններն ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգի մեջ. «Ալիեւի գործողությունների համար հիմք է հանդիսացել այն, որ Պրահայում տեղի է ունեցել համաձայնություն Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում»,- նշել է պատգամավորը:
Բացի այդ՝ ըստ նրա, Ալիեւին թեւեր են տալիս հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը, որը կարելի է ասել, փչացման փուլ են ապրում:
Զուգահեռներ անցկացանելով Հայաստանի ու Վրաստանի միջեւ՝ պատգամավորը նկատեց, որ ի տարբերություն Վրաստանի իշխանությունների, ՀՀ իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ եւ Արեւմուտք-ՌԴ հակամարտության մեջ մեր երկիրը վերածել են մանրադրամի: Այս երեք հանգամանքներն են Ալիեւին հնարավորություն տալիս դիմել ագրեսիվ, սադրիչ եւ հանցավոր գործողությունների:
«Մրցակցող հարթակների մասնակցությունը եւ երկու հարթակներին էլ «այո» ասելը բերել է նրան, որ Հայաստանն ուղղակի ճողվել է այդ երկու հարթակների միջեւ: Այսինքն «այո» ասել մոսկովյան հարթակին, «այո» ասել վաշինգտոնյան հարթակին, դա նույնն է, որ դու դառնում ես աշխարհաքաղաքական մանրադրամ: Իշխանությունները լավ իմանալով, թե ինչ են բերելու Հայաստանի գլխին, նախապես ուզում են մեղավոր նշանակել Ռուսաստանին: Մենք գտնում ենք, որ չի կարելի մտնել ոչ հակառուսական դաշտ, ոչ հակաարեւմտյան դաշտ:
Ես կարծում եմ՝ իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է Հայաստանի քաղաքականության փոփոխություն, իսկ դա ենթադրում է այլ իշխանություններ»,- հայտարարել է Թեւանյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել հասնել իշխանափոխության՝ Թեւանյանն արձագանքեց. «Քաղաքական բոլոր այն գործողությունները, որոնք չեն հանգեցրել արդյունքի, ենթակա են վերանայման, բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնել քաղաքական պայքարը: Պետք է հանրային լայն կոնսոլիդացիայով հասնել քաղաքական փոփոխության: Դա պետք է անել հնարավորինս շուտ, որովհետեւ Հայաստանը երկար ժամանակ չունի »:









