Foto

«Էլիտար» անտնությունը

Իշխող թիմի համար, իհարկե, ցավոտ է, բայց միանշանակ է, որ Սուրեն Պապիկյանի հայտնի բնակարանային գործարքը, որի արդյունքում պաշտպանության նախարարն անուղղակիորեն կարողացել է մի քանի ամսում 100 մլն դրամ շահել, կանգնած է նրանց կոկորդին։ Շատերը սրանում կոռուպցիոն լուրջ ռիսկեր են տեսնում, հատկապես, որ գործարքի կողմերը ոչ միայն փոխկապակցված են, այլև ամեն կերպ թաքցնում են դրա մանրամասները։

Առաջին հայացքից՝ թափանցիկության մասին օրերով ճառ ասող ու կոռուպցիայի դեմ «անհաշտ» պայքար մղող իշխանության ղեկավարը պիտի շահագրգռված լիներ այս գործարքի «մութ» կողմերի բացահայտման հարցում, որպեսզի փարատեր նաև հասարակության շրջանում առաջացած կասկածները: Բայց Նիկոլ Փաշինյանն այս ամենի մեջ ոչ միայն կոռուպցիա կամ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում, այլև համառորեն ատամներով պաշտպանում է Պապիկյանին, փորձում է ամեն կերպ հերքել նրա գնած բնակարանի վերաբերյալ հրապարակված սկանդալային փաստերը՝ սրբացնել նրան։ Ավելին, իր հայտնի ասուլիսի ժամանակ, փոխարենը՝ գոնե ձևականորեն հանձնարարեր իրավապահներին ստուգել գործարքի մանրամասները, ցինիկաբար լրագրողներին հորդորում է գնել այդ բնակարանը 300 հազար դոլարով, վաճառել 400 հազարով և 100 հազարի շահույթ ստանալ։ Դա էլ քիչ է՝ անձամբ պարտավորվում է պարտադրել Պապիկյանին 300 հազար դոլարով վաճառել այդ բնակարանը։

Ի դեպ՝ կար ժամանակ, երբ Պապիկյանը համարվում էր Նիկոլ Փաշինյանի թիմի ու առհասարակ ՔՊ եզակի ազնիվ գործիչներից մեկը: Բայց այդ ժամանակ նա դեռ պաշտպանության նախարար չէր ու չէր համարում, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածն Ադրբեջանինն է, և, որ մենք այնտեղ անելիք չունենք: Այսօր Պապիկյանը մեծահարուստ պաշտոնյա է, և կարող է իրեն նման ծախսեր ու ճոխություններ թույլ տալ, իսկ ազնվության, արդար աշխատանքի, բյուջեն թալանելու, հովանավորչության ու այլ ճռճռան թեզերը փաստացի իշխանության գալու համար էին, մի բան, որ բնորոշ է բոլոր պոպուլիստ իշխանություններին:

Մնում է միայն ենթադրել, թե ինչու է կոռուպցիային անողոք պայքար հայտարարած ու թիմակիցներին «չխնայելու» պատրաստ կառավարության ղեկավարն այսքան բարի Պապիկյանի բնակարանային կասկածելի գործարքի նկատմամբ։  Ի դեպ՝ նման օրինակներ այսօրվա պաշտոնյաների մեջ շատ կան։ Այնպիսի տպավորություն է, որ նախկինում բոլորը փողոցում են ապրել, բնակարան չեն ունեցել, եկան իշխանության ու սկսեցին պետության հաշվին բնակարանների տեր դառնալ։ Հավանաբար դրա համար էլ եկամտային հարկի հետվերադարձի ծրագիրը, որը ներդրվել էր կարիքավորների բնակարանային խնդիր լուծելու հեռանկարով, այնպես վերաիմաստավորեցին, որ իրենք էլ կարողանան օգտվել դրանից։

Այսօր Նիկոլը հպարտանում է, որ եկամտային հարկի հետվերադարձի ծրագրից 2018թ. սկսած 25 հազար մարդ է օգտվել։ Պետությունն էլ դրա համար 35 մլրդ դրամ է հատկացրել պետական բյուջեից։ Այս դեպքում խոսքը միայն անցած տարվա հատկացման մասին է, որը համարժեք է 90 մլն դոլարի։ Ճիշտ այդքան փող տվել են, որպեսզի պետության հաշվին բարձր աշխատավարձեր ստացող բարձրաստիճան պաշտոնյաները բնակարան ձեռք բերեն։ Այդ 25 հազարի մեջ քիչ չեն նրանք, ովքեր առանց այդ ծրագրի էլ կարող էին բնակարան գնել։ Բայց կառավարությունը նրանց նկատմամբ էլ է առատաձեռն գտնվել և պետբյուջեից մեծ գումարներ է տվել, որպեսզի բնակարան գնեն, երբեմն էլ ոչ թե մեկ, այլ մի քանիսը։ Այնպես են արել, որ սոցիալական նշանակության այս ծրագիրը, որը ժամանակին ներդրել էին «նախկինները», կարիքավորների բնակարանային խնդիրներին ինչ-որ կերպ լուծում տալու համար, շատերի համար դարձել է բիզնես պրոյեկտ։ Պետության հաշվին բնակարան են գնում՝ հետագայում վերավաճառելու կամ այլ նպատակներով օգտագործելու համար։

Վերջում հավելենք, որ և՛ Սուրեն Պապիկյանը, և՛ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, գուցե նաև Փաշինյանն առաջիկայում էլիտար բնակարաններ ու առանձնատներ ձեռք բերեն։ Իսկ նրանք, ովքեր իրականում ունեն պետական աջակցության կարիք՝ կշարունակեն ձեռնունայն մնալ, որովհետև նրանց եկամուտները չեն բավարարում հիպոթեք ստանալու ու ծրագրից օգտվելու համար։

Արմեն Հովասափյան