Տեսեք, թե ինչ է այսօր ասում Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին հայտարարում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». այսօր ասում են՝ «մեզ հնարավորություն տվեք ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Նովրուզի տոնի առթիվ ադրբեջանական ժողովրդին ուղղված ուղերձում։ «Ինչո՞ւ միջազգային կազմակերպությունները, որոշ հայամետ երկրներ չդատապարտեցին Հայաստանին այդ ժամանակ։ Դեռ որքա՞ն պետք է գործ ունենանք երկակի ստանդարտների հետ։ Ինչքա՞ն պիտի գործ ունենանք երեսպաշտության հետ»,-հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ ակնարկելով մինչև 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակահատվածը։ Ալիևը, Հայաստանին ու միջազգային հանրությանն ուղղված մեղադրանքների շարքում, մատնանշել է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա, իբր, գործադրված մեծ ճնշման մասին։ Նրա պնդմամբ, աշխարհի տարբեր երկրներից մեծ քանակությամբ օգնություն է ուղարկվել Հայաստան, ինչպես նաև նշել, թե Հայաստանի դաշնակիցները տարբեր կերպ փորձել են կանգնեցնել Ադրբեջանին. «Մեզ ոչ ոք չի կարողացել կանգնեցրել, այսօր ու վաղն էլ չեն կարողանա։ Մեր ուժեղ կամքը, հզոր քաղաքականությունը, Ադրբեջանի հաղթական բանակը պատասխան կտա Բաքվի դեմ ուղղված յուրաքանչյուր դավադիր ծրագրի»։
Այս արտահայտությունները բանակցությունները սեփական կետից սկսելու արդյունքն են: Հենց սրա համար էր հասարակության մի մասը պնդում, որ պարտված իշխանությունը չի կարող բանակցել: Նիկոլ Փաշինայնն ասում էր, որ Արցախի հարցում պետք է նշաձողն իջեցնել և դա միջազգային հանրության պահանջն է: Ինչքա՞ն իջեցնել, պարո՛ն Փաշինյան: Այնքան, որ Արցախի փոխարեն արդեն բանակցում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի շո՞ւրջ: Ալիևը, խղճահարությունից ելնելով, քննարկում է ապրե՞ն հայերը իրենց քառակուսի մեջ, թե՞ ոչ: Չեմ զարմանա, որ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները կա՛մ մնան անպասխան, կա՛մ դրան պատասխանեն ինչ-որ պատգամավորի օգնականի, կամ էլ հատուկ հանձնարարություններով դեսպանի մակարդակով, ինչպես եղավ Հաջիևի դեպքում: Բայց էականն այն է, որ ով էլ պաստախանի, ընդգծելու է, որ իրենք խաղաղության օրակարգի կողմնակիցն են և կապ չունի, որ իրենց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնում են: Իսկ եթե անձամբ Նիկոլ Փաշինյանն արձագանքելու լինի, իրեն հատուկ ոճով՝ բանաստեղծություն արտասանելով, կամ դրան մոտ հորինվածքով, հատուկ իրեն ընտրած զանգվածի համար այս տողերից կվերցնի այն, որ Ալիևն ասում է 29 քառ. կմ, իսկ իր նշած կարմիր գիծը 29 800 քառ. կմ-ն է և որ ինքն այն չի զիջելու: Իհարկե, իրեն ընտրող մասայի կողմից դա «հուժկու» հարված կընկալվի, սակայն մի օր էլ կլսենք, որ բանակցում են ՀՀ տարածքի շուրջ և էլի միջազգային հանրությունը պահանջում է նշաձողն իջեցնել ու այս անգամ էլ զիջել Սյունիքը կամ այլ տարածք: Ո՛չ, պարոն Փաշինյան, Ալիևի այս խոսքերը բնավ խաղաղության մասին չեն, Ձեր օրակարգն էլ խաղաղության մասին չէ, և սա վերահաստատում է այն թեզը, որ պարտված իշխանությունը չի կարող բանակցություններում հաջողության հասնել: Այս հերթական ստորացուցիչ արտահայտություններից հետո, ինպե՞ս է վարչապետի ինքնասիրությունը թույլ տալու նույն սեղանի շուրջ բանակցությունների նստել Ալիևի հետ: Մյուս կողմից էլ՝ ինքնասիրությո՞ւն:









