Foto

Դուրս գալ ՀԱՊԿ-ից ու մնալ օդո՞ւմ

Օրերս Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից: Ի դեպ՝ դեռևս փետրվարին Հայաստանը մերժել էր հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը,  նոյեմբեր ամսին նաև այն, որ Նիկոլ Փաշինյանը Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին հրաժարվեց ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ Իսկ հունվարին հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է հյուրընկալել ՀԱՊԿ «Անկոտրում եղբայրություն» խորագիրը կրող զորավարժությունները:

Փաշինյանն ասել էր, որ Հայաստանն աննպատակահարմար է համարում ընթացիկ տարում ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը: Իր վերջին ասուլիսի ժամանակ  հնչեցրած մի քանի թեզերում, նա փաստացի թիրախավորեց ՀԱՊԿ-ին՝ նշելով, որ «ոչ թե Հայաստանն է դուրս գալիս, ՀԱՊԿ-ից, այլ՝ հակառակը՝ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս ՀՀ-ից»։ Նա ընդգծել էր նաև, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է բոլոր հնարավոր հոդվածներով, սակայն ոչ մի կոնկրետ քայլ ու արձագանք այդ կառույցից չի հնչել։ Այսպիսի վարքագծով ՀՀ իշխանությունները պարզապես շարունակում են այն, ինչ սկսել են: Դեռևս դրվել են համեստ նպատակներ՝ մինիմալի հասցնել Հայաստանի ներգրավվածությունը ՀԱՊԿ-ին, անընդհատ ազդանշաններ ուղարկել Ռուսաստանին, դժգոհություն ցույց տալ: Ակնհայտ է, որ նման տեմպով շարունակվելու դեպքում Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը կսկսի ընդհանրապես արհեստական բնույթ կրել, այնուհետև այդ անդամակցությունը դադարեցնելը պարզապես կդառնա տեխնիկական հարց:

Դժվար չէ հասկանալ, որ այս քայլով հայկական կողմը փորձում է հաճոյանալ Արևմուտքին, քանի որ, եթե Հայաստանը վերջնականապես աշխարհաքաղաքական ընտրություն է կատարում Արևմուտքի օգտին, ապա Արևմուտքն ակնկալում է, որ Հայաստանը լքի ՀԱՊԿ-ը:

ՀԱՊԿ-ը մշտապես էլ խնդրահարույց է եղել իր բնույթով, ՀԱՊԿ-ի աշխատանքներում մշտապես լուրջ տարաձայնություններ են եղել, սակայն դա հնարավորինս հարթվել է ՌԴ կողմից: Ի դեպ՝ ՀԱՊԿ-ը լքելուն վերաբերող հայտարարություններ կամ ակնարկներ Արևմուտքի կողմից հնչել են, բայց քանի որ Արևմուտքի կողմից չկան նաև հստակ այլ երաշխիքներ, իսկ տարածաշրջանում անվտանգային իրավիճակը չափազանց փխրուն ու անկայուն է, Փաշինյանն անդամակցությունը դադարեցնելու որոշում չի կայացնում, զգուշանում է, ինչպես նաև սպասում է գլոբալ պատերազմի արդյունքներին: Բացի այդ, Արևմուտքը նախընտրում է, որ ՌԴ-ից աշխարհաքաղաքական ցանկացած անջատում տեղի ունենա, ավարտվի, որից հետո իրենք կմտածեն՝ առաջարկե՞լ ինչ-որ եվրոպական ինտեգրացիոն հեռանկար, թե՞ ոչ: Կարելի է ակնկալել, որ դա եվրոպացիների հերթական «կուտն» է, ինչին ականատես ենք եղել քանիցս։

Այս ամենը առավել հետաքրքրական է դիտարկել ԵՄ առաքելության ներկայության ֆոնին, որը հայաստանյան իշխանությունների կողմից որոշակի անվտանգային մեխանիզմ է դիտարկվում։ Ավելին փաշինյանենք հույս ունեն, որ ապագայում ՀՀ-ն ավելի լուրջ անվտանգային երաշխիքներ կստանա Արևմուտքից, այդ պատճառով ՀԱՊԿ-ի ուղղությամբ անընդհատ նման քայլեր են նախաձեռնվում, և սա կշարունակվի:

Ըստ էության՝ եթե նույնիսկ ՌԴ օգտին իրավիճակ փոխվի և իրադարձությունները գնան այլ ուղով, միևնույն է, սա հարավկովկասյան մեր տեսած ամենաթեժ աշխարհաքաղաքական պայքարի փուլերից է, երբ Արևմուտքը որոշակի հաջողություններ է գրանցել աշխարհաքաղաքական հավասարակշռության հարցում, որոնք էլ իրենց միանշանակ զգացնել են տալիս:

Արմեն Հովասափյան