Իր վերջին 270 րոպեանոց
ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային բրյուսելյան
հարթակի արդյունավետությանը: Չնայած այն հանգամանքին, որ առավելապես հայկական կողմի
ակտիվ մասնակցությամբ ու դերակատարությամբ գործընթացն ամբողջությամբ տեղափոխվել է արևմտյան
հարթակ, իսկ ՀՀ իշխանությունները միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպություններ
են ներգրավում ՀՀ-Արևմուտք հարաբերությունների խորացման համար՝ հայկական կողմը, կարծես,
դժգոհ է երաշխիքների այն համակարգից, որը Բրյուսելը տրամադրում է բանակցող կողմերին:
Թեմայի հետ կապված՝ Փաշինյանը
մասնավորապես ասել է․ «Բրյուսելյան ֆորմատի հետ կապված՝ մենք տասը, եթե չասեմ՝ տասնյակներով,
գոնե տասից ավելի այդպիսի պայմանավորվածություններ ձեռք ենք բերել, որոնք չեն իրագործվել,
ներառյալ՝ գերիների ազատ արձակման և վերադարձի վերաբերյալ: Կա երկրորդ նյուանսը. երբ
չկան բանակցություններ՝ էսկալացիայի վտանգը մեծանում է: Բայց Բրյուսելը մեզ ցույց տվեց,
որ կան բանակցություններ, որոնք ոչ միայն չեն նվազեցնում էսկալացիայի վտանգը, այլև
ավելացնում են: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ սեպտեմբերի 13-ի լայնածավալ
հարձակումը տեղի է ունեցել բրյուսելյան հանդիպումից 13 օր հետո: Մենք ասում ենք՝ համաձայն
ենք այդ ֆորմատով աշխատանքը շարունակելու համար, բայց եկեք, ուրեմն, այն, ինչ պայմանավորվել
ենք, սկսենք կետ-կետ իրագործել»: Ավելին, իր խոսքով նա նաև առաջարկել է շարունակել
Պրահայի քառակողմ ֆորմատով, և եթե Ադրբեջանը դեմ է Ֆրանսիայի նախագահի մասնակցությանը,
ապա հնարավոր է ընդլայնել ձևաչափը և ներառել, օրինակ, Գերմանիային, ԱՄՆ-ին:
Ըստ էության առաջին անգամ
Նիկոլը հրապարակային, մանրամասն քննադատություն է հնչեցնում Արևմուտքի հասցեին՝ ըստ
էության մեղադրելով անարդյունավետ բանակցությունների և բանակցային պայմանավորվածությունների
կատարմանը հետևել չկարողանալու մեջ: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը դժգոհ է՝ ինչպես Ռուսաստանից,
այնպես էլ՝ Արևմուտքից և մնացած բոլորից, քանի որ քաղաքականության մասին պատկերացումներն
այնպիսին են, որ ինչ-որ մի այլ երկիր պետք է ավելի շահագրգռված լինի ՀՀ շահերով այնպես,
ինչպես սեփական երկրի շահերի դեպքում:
Այստեղ պետք է արձանագրենք,
որ Հարավային Կովկասում Արևմուտքի շահը միայն
Ռուսաստանի ազդեցությունը վերացնելն է՝ հակամարտությունները ամեն գնով լուծելու ճանապարհով:
Իսկ դրա կարճ ճանապարհը երկար բանակցությունները չեն, այլ այն, որ պատերազմից հետո
տարածաշրջանում ձևավորված ուժային հավասարակշռությունն, իր բոլոր դրսևորումներով, իր
գործն անի: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները՝ փոխարենը աշխատեին ՌԴ հետ՝ որպես դաշնակից, հասկանալով այն խնդիրները,
որոնք այսօր ունի ՌԴ-ն, բացահայտ սկսեցին շատ ավելի լուրջ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի
համար, մերժել ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի առաջարկները՝ ակնկալելով, թե Արևմուտքը կպաշտպանի
ՀՀ շահերը:
Չպետք է մոռանալ,
որ Արևմուտքն Ադրբեջանի հետ լուրջ էներգետիկ շահեր ունի, և առավելագույնը, ինչ տեղի
ունեցավ՝ ԵՄ դիտորդների տեղակայումն էր ՀՀ տարածքում: Բայց ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը չեն պատրաստվում
երկար ժամանակ տրամադրել այս բանակցություններին, նրանց արագ լուծումներ են հարկավոր:
Իսկ Ադրբեջանը ցանկացած հարթակում կարողանում է իր դիրքորոշումներն առաջ մղել, և պարզ
էր, թե ինչու ռուսական հարթակն այդքան էլ չգոհացրեց Ադրբեջանին՝ ԼՂ կարգավիճակի պատճառով։
Թե ինչու Հայաստանը սկսեց մերժել ՌԴ միջնորդությունը՝ անհասկանալի է․ ուստի այն, ինչ տեղի է
ունենում, լիովին սպասելի էր:
Միանգամայն պարզ է, որ
որևէ միջնորդ, բացի Ռուսաստանից, մեր տարածաշրջանում չի ցանկանալու ստանձնել երաշխավորի
դեր, իսկ ՌԴ-ն դա, լավ թե վատ, իրականացրել է: Բայց կողմերը ներկայումս իրենք են ընտրել
բանակցել Արևմուտքում և դժգոհ են մնացել այդ բանակցություններից, իսկ Ռուսաստանը դեռ
ոչինչ չի պատրաստվում առաջարկել կամ պարտադրել կողմերին, քանի որ, բացի Հարավային Կովկասից,
շատ ավելի լուրջ խնդիրներ ունի: Ի դեպ՝ միջնորդները նման աշխարհաքաղաքական տուրբուլենտության
փուլում ունակ չեն ապահովել բանակցային կայունություն:
Ըստ էության՝ եթե գործեր
ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչն անհնար է, կարելի էր ակնկալել, որ բանակցային գիծը գոնե կայուն
կլիներ, Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ավելի արդյունավետ կլիներ: Նույնիսկ Հաագայի դատարանի
որոշումն է Ադրբեջանն անտեսում, ու դա չի կարող որևէ հետևանք ունենալ: ՀՀ իշխանություններին
թվում է, որ Արևմուտքը պետք է ամեն բան թողնի և զբաղվի Հարավային Կովկասի խնդիրներով,
ինչը միանշանակ մոլորություն է:
Ակնհայտ է, որ հարավկովկասյան
տարածաշրջանում ձևավորված ուժային հավասարակշռությունը գործոն է թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար: Սա փաստ է և սրանով է պայմանավորված Նիկոլի դժգոհությունը բոլորից,
որը, մեղմ ասած, անբարո է, քանի որ դրա փոխարեն՝ պետք է աշխատել, հասկանալ, թե ինչ է
կատարվում աշխարհում:
Արմեն Հովասափյան









