Foto

Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը կկալանավորվի։ «Փաստինֆո»-ն քիչ առաջ տեղեկացավ, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, բավարարել է Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, փետրվարի 21-ին մերժել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը: Դատախազությունը բողոքարկել է դատական ակտը՝ պահանջելով կալանավորել Խաչատուրովին։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է՝ ԱԱԾ-ում քննվող՝ Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան մեղադրանք է ներկայացվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։

Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել նաև Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը՝ Էդգար Արշակյանին՝ օժանդակության հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան