Ըստ վիճկոմի տրամադրած
տվյալների՝ այլ երկրների քաղաքացիների կողմից անցած տարի Հայաստանում անշարժ գույքի
ձեռքբերման ակտիվություն է նկատվել։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանք 363-ով ավելի
շատ գույք են գնել, քան նախորդ տարի։ Խոսքն ինչպես բնակարանների, այնպես էլ՝ այլ անշարժ
գույքի մասին է։
Առաջին հայացքից գուցե
այլ երկրների քաղաքացիների պարագայում այս ակտիվությունն ինչ-որ կերպ կարելի է հասկանալ,
բայց. որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանում անշարժ գույք գնած օտարերկրացիների մեջ
եղել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Մասնավորապես նրանք նախընտրել են Հայաստանում
գնել գերազանցապես բնակարաններ։ Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի 1 քաղաքացի բնակարան է ձեռք
բերել Երևանում՝ բազմաբնակելի շենքում, ևս մեկը նախընտրել է անհատական տուն գնել Լոռու
մարզում։ Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում բացառապես բնակարան են գնել Երևանում․ բազմաբնակելի բնակարանային
շուկայում Թուրքիայի քաղաքացիները գնել են 11 բնակարան։
Ըստ էության՝ պաշտոնական
աղբյուրները չեն բացահայտում, թե ինչ ազգության են եղել Ադրբեջանի և Թուրքիայի այն
քաղաքացիները, ովքեր բնակարան են գնել Հայաստանում։ Ամեն դեպքում, եթե Թուրքիայի պարագայում
նրանց մեջ կարող էին լինել նաև այդ երկրում ապրող ազգությամբ հայերը, ապա նույնը դժվար
է ասել Ադրբեջանի քաղաքացիների պարագայում։ Դրանք հավանաբար եղել են ծագումով ադրբեջանցիներ
կամ գուցե նաև այլ ազգության քաղաքացիներ։ Դժվար չէ ենթադրել, թե ինչով են պայմանավորված
եղել Հայաստանի անշարժ գույքի շուկայի նկատմամբ նրանց հետաքրքրությունները, կարելի
է միայն ենթադրել։ Հաշվի առնելով այն խաղաղասիրական օրակարգը, որը Հայաստանի իշխանություններն
առաջ են տանում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում, պետք է սպասել, որ
առաջիկայում այս թվերը շատ ավելի մեծ տեմպերով կավելանան։
Զուտ որպես վիճակագրական
տվյալ նշենք, որ, ընդհանուր առմամբ, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում անցած տարվա
ընթացքում գնել են 1950 անշարժ գույք։ Սա գնված անշարժ գույքի մեջ գուցե մեծ կշիռ չի
կազմում՝ ընդամենը 3,7 տոկոսը, բայց նկատելի է այն աճը, որը տեղի է ունեցել օտարերկրյա
քաղաքացիների մասնակցությամբ իրականացված գնման գործարքներում (2021-ին նրանց մասնակցությունը
2,8 տոկոսն էր կազմել)։
Պետք է նշել, որ օտարերկրյա
քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու առումով դրսևորված այս
ակտիվությունն առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ՝ հաշվի առնելով այն անվտանգային
միջավայրն ու անկայունությունը, որի մեջ հայտնվել է մեր երկիրը, և որի պարագայում շատերը
պարզապես նախընտրում են հեռանալ։ Բայց դա ունի բացատրություն. օտարերկրացիների ցուցաբերած
ակտիվությունը շատ բանով պայմանավորված է հատկապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ,
որի հետևանքով մեր որոշ հայրենակիցներ, ովքեր ունեն այդ երկրների քաղաքացիություն,
շտապել են անշարժ գույք, մասնավորապես՝ բնակարան գնել Հայաստանում։ Բնակարանային շուկայում
ակտիվություն են ցուցաբերել հատկապես ՌԴ քաղաքացիները, ենթադրաբար դրանք հիմնականում
եղել են Ռուսաստանի հայերը։
Բնականաբար, եթե փորձենք
դիտարկել թուրքական կամ ադրբեջանական կապիտալով ՀՀ-ում ոչ միայն բնակարան այլ ընդհանրապես
անշարժ գույք ձեռք բերելու ռիսկերին, ապա միանշանակ է, որ այն բավական բարձր է՝ առաջին
հերթին անվտանգային առումով։ Բանն այն է, որ Բաթումիի փորձը ցույց է տալիս, որ այն
ինչ չես կարող գնել փողով, կարող էս գնել շատ փողով և չի բացառվում, որ ընթացիկ տարվա
ընթացքում անշարժ գույքի թուրքական օպերացիաները ավելանան մի քանի պատիկով, եթե հաշվի
առնենք այն թուրքաֆիլ մոլուցքը, որն ունի գործող իշխանությունը։ Նրանց համար, տվյալ
իրավիճակում, առաջնայինը շուկան է, այնտեղ առկա շարժը, իսկ թե այդ շարժն ինչ էթնիկ
էկվիվալենտ ունի, սրանց բացառապես չի հուզում։
Արմեն Հովասափյան









