Foto

Երկու քարի արանքում

Վերջին շրջանում Հարավային Կովկասում և հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների և Արցախյան հիմնահարցի շուրջ գլոբալ՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատումն անընդհատ նորանոր դրսևորումներ է ստանում: Չնայած օրերս Բաքվում Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին համառորեն իր միջնորդական ծառայությունները չի առաջարկում, երևում է, որ ՌԴ-ն նոր մարտավարության է անցել Հարավային Կովկասում, որում ՌԴ-ի ծառայությունները մերժող պաշտոնական Երևանի դերակատարությունը մինիմալի է հասցված:

Ինչպես հայտնի է, անցյալ տարվա երկրորդ կեսին Արևմուտքի և մասնավորապես Վաշինգտոնի հովանու ներքո ձեռք բերված բարձրաստիճան պայմանավորվածությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ պետք է ստեղծվեր:  Այս պայմանավորվածության առաջին «արգասիքը» մենք տեսանք վերջերս տեղի ունեցած հանդիպամն ձևաչափում, որտեղ ադրբեջանական կողմը փաստացի Արցախի ղեկավարության առաջ էր դրել, այսպես կոչված «ռեինտեգրաիայի» մասին գաղափարը՝ բացահայտ կերպով ակնարկելով, որ Ադրբեջանի համար այդ գաղափարը հիմնական քաղաքական գիծն է և այլ ակնկալիքներ ու նկրտումներ չունենան։ Բացի դրանից, այս հանդիպումից օրեր անց՝ մարտի 5-ին տեսանք ոստիկանության աշխատակիցների նկատմամբ տեղի ուենցած դիվերսիային։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականության մեջ փաստացի ոչ մի փոփոխություն տեղ չի ունեցել՝ «թղթաբանությունն է մեծացել»։

Միաժամանակ հատկանշական է այն, որ Իլհամ Ալիևը Լավրովի հետ հանդիպմանն ասել էր, թե Բաքուն պատրաստ է կառուցողական աշխատել ռուսական կողմի հետ՝ Ադրբեջանի և ՌԴ-ի միջև հակամարտությունը կարգավորելու գործում, ինչպես նաև ակնկալում է, որ 2023թ. Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու ճեղքման տարի կլինի: Լավրովն իր խոսքում ընդգծել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այդ հարաբերություններն ապագայում ևս կամրապնդվեն բոլոր ոլորտներում։ Ի դեպ, Լավրովը ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների մասին վերջին շրջանում ընդգծել է բազմաթիվ անգամներ, ըստ էության ցույց տալով, որ Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության ճարտարապետությունում ռուս-ադրբեջանական հարաբերությունները լիովին նոր մակարդակ են սկսում ձեռք բերել, որոնց հիմքերը գցվեցին նախորդ տարի փետրվարին ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների հաստատած հռչակագրով:

Ըստ էության՝ ստեղծված մի իրավիճակում, երբ Հայաստանը խաղադրույքներ է անում Արևմուտքի՝ ԵՄ-ի վրա, մերժելով ՀԱՊԿ-ին և դիմավորելով ԵՄ դիտորդներին, Մոսկվան իր հերթին՝ սերտացնում է համագործակցությունը Բաքվի հետ՝ առավելապես խաղադրույքներ անելով Բաքվի վրա: Թերևս սա նորություն է ՌԴ անդրկովկասյան քաղաքականության շրջանում, որը պայմանավորված է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունենում ողջ տարածաշրջանում, և որոնց ՌԴ-ն պետք է ինչ-որ կերպ արձագանքեր՝ փորձելով պահպանել իր դիրքերը:

Մասնավորապես Լավրովը քանիցս ընդգծել է, որ միջնորդի ընտրության հարցում կողմերն ազատ են իրենց գործողություններում: Փաստացի սրանում դրսևորվում է ռուսական դիվանագիտության հանգստությունը, որը կարծես հիմքեր ունի, քանի որ կան քայլեր, որոնք արվելու են, կամ Արևմուտքում բանակցային գործընթացը ՌԴ-ի համար կանխատեսելի ընթացք կարող է ունենալ: Ռուսական նոր մարտավարության տիրույթում, թերևս, պետք է ընկալել նաև խաղաղապահների միջնորդությամբ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև քննարկումները (ստացվում է, որ առանց հայկական կոմղի ևս Մոսկվան իր քաղաքականությունն իրականացնում է):

Փաստացի բոլորս տեսանք, որ Բաքու կատարած այցի ընթացքում Լավրովը հնարավորինս քիչ անդրադարձավ հայաստանյան թեմատիկային՝ փորձելով շեշտը դնել ռուս-ադրբեջանական նոր մակարդակի հարաբերությունների վրա՝ դրանք որակելով դաշնակցային-ռազմավարական: Ի դեպ՝ այս այցի կարևորությունն ու գլխավոր բանալին հենց ռուս-ադրբեջանական նոր որակի հարաբերությունների ամրագրումն էր: Նման իրավիճակում չափազանց բարդ է ասել, թե ՀՀ-Ադրբեջան բանակցությունները Միշելի հովանու ներքո ինչպես կանցնեն, եթե բանակցային որոշ բաղադրիչներ անցնեն ՌԴ հովանու ներքո, իսկ որոշները մնան Արևմուտքի համակարգման տակ։ Սա շատ բարդ իրավիճակ է ստեղծելու, թեև չի բացառվում, որ ամեն բան շատ ավելի հեշտ ընթացք ունենա:

Արմեն Հովասափյան