Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 2-րդ տուրի մրցախաղերը:
Մրցաշարը հաղթանակով սկսած Հայաստանի 8 շախմատիստից երեքը՝ Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը կրկին հաղթանակներ են տարել:
Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցիչ Յաիր Պարխովին: Շանթ Սարգսյանը սևերով առավելության է հասել մեկ այլ իսրայելցի շախմատիստ Էյթան Ռոզենի նկատմամբ, իսկ Մամիկոն Ղարիբյանը սպիտակներով հաղթել է նիդերլանդցի Էլայն Ռոբերսին:
Գաբրիելը, Շանթն ու Մամիկոնը 2-ական միավորով առաջատարների խմբում են: Լրացուցիչ գործակիցներով Գաբրիելը առաջին տեղում է: Առաջին հաղթանակները տարան Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Վահե Դանիելյանը:
Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել իսպանացի Ռեյներ Կաստելանոսի հետ, Մանուել Պետրոսյանն էլ միավորը կիսել է ռումինացի Սամուել-Տիմոֆեյ Գիմպուի հետ: Մրցակիցների հետ հաշտություն են կնքել նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արմեն Բարսեղյանն ու Էմին Օհանյանը:
Հայ շախմատիստներից միակ պարտությունը կրել է Ալեքս Սահակյանը:
Այսօր կկայանա Եվրոպայի առաջնության 3-րդ տուրը:









