Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ահաբեկչություն է որակել ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Արցախի ոստիկանության մեքենայի վրա հարձակումը, ինչի հետեւանքով 3 ոստիկան է զոհվել, եւս մեկը վիրավորվել։
«Այսօր ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել եւ սպանել է Լեռնային Ղարաբաղի 3 ոստիկանի, եւս մեկ ոստիկան հոսպիտալացվել է: Ադրբեջանը փորձում է արդարացնել ԼՂ խաղաղ բնակչության դեմ հերթական ահաբեկչությունը կեղծ պահանջներով, որոնք արդեն իսկ ջախջախվել են Արդարադատության միջազգային դատարանում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:









