Foto

Միամտությո՞ւն, թե՞ մանկամտություն

Մի քանի ժամով 30 տարի փակված հայ-թուրքական ցամաքային սահմանը մարդասիրական բեռներ տեղափոխելու համար բացել-փակելուց, Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցից և Չավուշօղլուի հետ հանդիպումից ու արված հայտարարություններից հետո կրկին ակտիվացել են Թուրքիայի հետ սահմանը բացելու վերաբերյալ խոսակցությունները։ Պատեհ-անպատեհ հնչում են հայտարարություններ, որ սահմանի բացումը մեծ լիցք կհաղորդի Հայաստանի տնտեսությանը, կնպաստի առևտրաշրջանառությունների ավելացմանը, մարդիկ կսկսեն ավելի լավ ապրել։ Ավելին, սահմանի բացման հետ կապված՝ ակնկալում են նույնիսկ թոշակների բարձրացում․ իսկ թե ինչի՞ վրա են հույսը դրել, որևէ հիմնավորում չկա։

Բանն այն է, որ մինչև օրս անգամ նորմալ ուսումնասիրություն չի իրականացվել սահմանի բացման հեռանկարների ու հնարավոր հետևանքների վերաբերյալ։ Այլ կերպասած՝ միայն դատարկ ու օդից վերցրած խոսակցություններ են։ Միայն Քերոբյան Վահանն է պարբերաբար կրկնում, թե Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսության բարձր աճի։ Հիմնավորում-հաշվարկներ են պահանջում՝ խուսափում է ներկայացնել, որովհետև այդպիսիք չկան (ասում է՝ զուտ ասելու համար)։

Օրերս ԱԽՔ քարտուղարն էր հայտարարել, թե Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և հարաբերությունների կարգավորմանը։ Սրանք այնպիսի ինքնավստահությամբ են խոսում, կարծես տնտեսությունը վաղուց նախապատրաստել են դրան, ստեղծել են հիմքեր՝ հնարավոր ռիսկերն ու հետևանքները նվազագույնի հասցնելու համար, և հիմա անհամբեր սպասում են, թե երբ պիտի սահմանը բացվի, որ քաղեն արդյունքները։ Թուրքիան էլ այդքան միամիտն է՝ սահմանը բացելու է, որպեսզի Հայաստանի տնտեսությունը ծաղկի, մարդիկ էլ սկսեն ավելի լավ ապրել։ Քիչ թե շատ հասկացողների համար պարզ է, որ Թուրքիան սահմանը կբացի այն ժամանակ, երբ դա ձեռնտու լինի ոչ թե Հայաստանին, այլ իրեն։ Այսօր էլ՝ փակ սահմանի պայմաններում, Հայաստանը վատ շուկա չէ թուրքական ապրանքների համար։

Թուրքական ապրանքների ներմուծման արգելանքը հանելուց շատ չանցած, թուրքական ապրանքները վերականգնեցին իրենց դիրքերը։ Անցած տարի այդ երկրից Հայաստան է ներմուծվել ավելի քան 263 մլն դոլարի ապրանք՝ 3,5 անգամ շատ, քան մեկ տարի առաջ։ Ընդամենը մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի արգելանքից հետո թուրքական ապրանքները վերագտնեն իրենց շուկան։ Սահմանի բացման պարագայում դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա։ Առավել ևս, երբ կրճատվեն տեղափոխման ծախսերը և թուրքական ապրանքներն ավելի մրցունակ դառնան մեր շուկայում։

Իսկ ինչ ունի Հայաստանը առաջարկելու թուրքական շուկային, կամ ինչ նոր հնարավորություն են ստեղծել իշխանությունները դրա համար։ Իշխանավորները մորոլության մեջ են, եթե կարծում են, որ անցած տարի Հայաստանում բարձր տնտեսական աճ է արձանագրվել և դա բավարար է, որպեսզի մեր տնտեսությունը սահմանի բացման պարագայում կարողանա դիմակայել թուրքական ապրանքների էքսպանսիային կամ բան ունենա առաջարկելու թուրքական շուկային։ Մոռանում են, որ պատահական տնտեսական աճերը քիչ կապ ունեն մեր տնտեսության իրական զարգացումների հետ։

Բնականաբար գաղտնիք չէ, որ անցած տարվա բարձր տնտեսական աճերը՝ կարճաժամկետ, երբեմն՝ արհեստական կամ հաշվարկային գործոնների արդյունք էին, որոնք մեծամասամբ կապված էին դրսի հետ ու ցանկացած պահի կարող են չեզոքանալ։ Զարմանալի է, որ այդքանից հետո Քերոբյանը տարակուսում է, որ միջազգային վարկանշային ընկերություններից մեկը վերապահումներ ունի՝ Հայաստանի անցած տարվա տնտեսական զարգացումների հետ կապված, ու առաջիկա սպասումների առումով լուրջ ռիսկեր է տեսնում։

Ահա հենց նման տնտեսական այդպիսի միջավայրում էլ իշխանությունները շտապում են բացել Թուրքիայի հետ ցամաքային սահմանը, որին առաջարկելու շատ քիչ բան ունենք։ Անցած տարի թուրքական շուկայում արտաքուստ ունեցանք մեծ առաջընթաց. ավելի քան 61 մլն դոլարի արտահանում իրականացվեց։ Բայց երբ հանում ենք ոսկու արտահանումը՝ տակը դատարկ է մնում։ Այն ամիսներին, երբ ոսկու արտահանում չի եղել, թուրքական շուկայի մատակարարումները Հայաստանից երբեմն կազմել են ընդամենը մի քանի հազար դոլար։ Ասել է թե՝ այն հույսերը, որ սահմանը բացելուց հետ այդ առումով մեծ բան կարող է փոխվել, տնտեսությունը բարձր տեմպերով կաճի, թոշակներն էլ կբարձրանան՝ միամտություն է։

Արմեն Հովասափյան