ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի աշխատանքների արդյունքում
փետրվարի 21-24-ը փաստահավաք առաքելությամբ
Հայաստան են այցելելու Եվրոպական Խորհրդարանիֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ
բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմը և Ֆրանսուա Ալֆոնսին, ինչպես նաև հունգարացի խորհրդարանական, Արցախի
հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը։ Պատվիրակությանը Հայաստանում ուղեկցելու
են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն
Հեղինե Էվինյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու
Գևորգ Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ նույնաբովանդակ այցելությամբ
Եվրախորհրդարանի մեկ այլ պատվիրակություն Հայաստան էր այցելել 2022թ․ հոկտեմբերի
31-ից նոյեմբերի 4-ը, որի անդամները կարևոր դերակատարում ունեցան անցած ամիսների ընթացքում
Եվրոպական Խորհրդարանում՝ Հայաստանին վերաբերող քննարկումների և փաստաթղթերի ընդունման
գործում։ Մասնավորապես՝ հիշատակման է արժանի Եվրոպական Միության ընդհանուր պաշտպանական
և արտաքին քաղաքականության զեկույցը, «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները»
վերտառությամբ բանաձևը և ԵՄ-Հայաստան հարաբերությունների 2021-2022թթ․ զեկույցը,
որոնցում Եվրոպական Խորհրդարանի՝ Հայաստանին ու Արցախին վերաբերող քաղաքական դիրքորոշումները
գրեթե լիովին համահունչ են ՀՅԴ Հայ դատիհանձնախմբերի պատկերացումներին։
Եվրոպական
Խորհրդարանի պատգամավորների առաջիկա այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության, քաղաքական
ընդդիմության ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։Առանձին
հանդիպում է նախատեսված նաև ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչների հետ։
Փետրվարի 22-ին
նախատեսված է պատվիրակության այցը Սյունիք, հանդիպում տեղական ինքնակառավարման
մարմինների ներկայացուցիչների հետ, այցելություն ադրբեջանական վերջին ագրեսիայից տուժած
բնակավայրեր և հանդիպում քաղաքացիական բնակչության հետ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
20.02.2023թ.