Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը իր Թելեգրամյան ալիքում գրառում է կատարել հայ -թուրքական հարաբերություններ կարգավորման վերաբերյալ:
«Դժվար է պատկերացնել մի հայի, ով չի ուզում խաղաղ
ապրել իր հարևանների հետ: Բայց յուրաքանչյուրն իրավունք ունի իմանալ, թե ի՞նչ գին ունի
այդ «խաղաղությունը»:
Իրապես ցավում եմ տասնյակ հազարավոր մարդկանց համար, ովքեր Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհ դարձան: Ոչ թե խոսքերով, այլ Հայաստանում Սպիտակի երկրաշարժի փորձից իմանալով, թե ինչ հետևանքների են բախվում այդ երկրներն ու ժողովուրդները՝ միաժամանակ ուզում եմ հասկանալ Թուրքիայի համար այս կրիտիկական օրերին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արգացման շարժառիթները: Մյուս կողմից, Հայաստանն էլ հիմա այն վիճակում չէ, որպեսզի թելադրի կամ ձևավորի տարածաշրջանում խաղաղության կշռադատված և երկարաժամկետ օրակարգ:
Ակնհայտ է, որ այսպիսի ճակատագրական հարցերը չպետք է լուծվեն կուլիսների
ետևում, առանց բազմամակարդակ քննարկումների: Հայաստանում և Սփյուռքում հասարակությունը
պետք է իմանա, թե ինչ է տեղի ունենում,Հայաստանն ի՞նչ քաղաքական և տնտեսական պայմաններով
է բանակցում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար, որո՞նք են նրա պահանջները
և, համապատասխանաբար, ո՞րն է Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման,
Հայաստանի, Արցախի և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքի, նրանց անվտանգության երաշխիքների
վերաբերյալ, հայկական կողմն է՞լ ինչ պայմաններ և նախապայմաններ ունի (եթե այդպիսիք
կան): Մեր ժողովուրդը չպետք է ոչպրոֆեսիոնալիզմի և կոնֆորմիզմի պատանդ դառնա: Ինչ համաձայնություն
էլ կնքվի, հիմքու պետք է դրված լինի հայկական պետականության և մեր ժողովրդի շահը:
Տարածաշրջանին խաղաղություն է անհրաժեշտ, վաղ թե ուշ
հայ-թուրքական միջպետական հարաբերությունները պետք է կարգավորվեն, բայց ո՛չ մեր պատմության
և հիշողության գնով:









