Foto

Է՞լ ինչ է հարկավոր Ադրբեջանին, որ չունի կամ չի կարողանում ստանալ Փաշինյանից

Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին են փախանցել  խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի սեփական առաջարկները: Ըստ Փաշինյանի, այդ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար: Ավելին, ինքը՝ Փաշինյանը, պատրաստ է վերցնել և կրել դրա պատասխանատվությունը:

Սրա մասին կառավարության նիստում ասել է (կարդացել է) Նիկոլ Փաշինյանը, ում ձեռքին այսօր գտնվում է «Հայաստան ՍՊԸ»-ի կնիքը: Իսկ ո՞րն է, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի ախորժակի սահմանը: Չէ՞ որ Փաշինյանը շատ է սիրում, երբ դրանք ծայրագույնս հստակ են և հենց այդպիսի անհստակության պատճառով հրաժարվեց ՀԱՊԿ դիտորդական առաքելությունից: Առայժմ մեզ հայտնի է, որ Ադրբեջանը հավակնում է ամբողջ Արցախին, Սյունիքի տարածքով էքստերիտորիալ միջանցքի (եթե ոչ ամբողջ Սյունիքին, որ նրա գլխում կոչվում է Արևմտյան Ադրբեջան), Տիգրանաշենին ու Նոյեմբերյանի տարածարջանի մի շարք համայնքների տարածքներին, ինչպես նաև Սևանին ու Երևանին: Այդ ի՞նչ պայմաններ է առաջ քաշել Փաշինյանի կառավարությունը, որ պետք է գոհացնի Ալիևին: Եթե հիշում եք, մինչև 44 օրյա պատերազմն էլ էր հայտարարում, որ Արցախի խնդրի կարգավորումը պետք է լինի այնպիսին, որ բավարարի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների պահանջներին:  Իսկ ի՞նչ պատասխանեց Ալիևը ՝ պատերազմ, Արցախի մեծ մասի և ՀՀ սուվերեն տարածքի մի չաղլիկ, ստրատեգիական նշանակության հատվածի օկուպացիա: Հիմա, երբ ադրբեջանական կողմը հսկայական ստրատեգիական և մարտավարական առավելություն է ստացել, ինչո՞ւ պետք է բավարարի հայկական կողմի ինչ-որ պահանջներ և առաջարկներ կամ, եթե հարցն այլ կերպ ձևակերպենք, է՞լ ինչ է հարկավոր Ադրբեջանին, որ չունի կամ չի կարողանում ստանալ Փաշինյանից: Պատասխանը բազմաբովանդակ է՝ հայկական բանակի թուլացում և հարձակողական պոտենցիալի զրոյացում, տարածաշրջանային հարցերում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական շահերի անվերապահ պաշտպանություն, երկրի տնտեսության քայքայում և այն վերը նշված կողմերի ակտիվ էքսպանսիայի ենթարկում, ադրբեջանցիների և նրանց անվան տակ օտարերկրյա վարձկանների վերաբնակեցում Հայաստանի տարածքում և այլն: Ընտրեք ինքներդ կամ էլ լրացրեք այս շարքն ըստ ձեր ունեցած տեղեկատվության: Եթե Փաշինյանի առաջարկությունների մեջ գեթ մեկ ազգանպաստ տարր լինել, մի կասկածեք, որ անպայման կհանրայնացներ, որովհետև Ալիևից ինքը գաղտնիք չունի: Բայց դե աչքակապությունը պետք է լիակատար լինի, պետք է, որ դրա մասին խրոխտ հայտարարվի կառավարության նիստում, իսկ առավել համոզիչ երևալու համար պետք է անպայման նշել, որ այդ առաջարկները նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին է ներկայացվել (այն դեռ կա՞):

Վերջում՝ պատասխանատվության մասին: Եթե նկատել եք, Փաշինյանը խոսում է խաղաղության պայմանագիրը ստորագրելու, այլ ոչ թե դրա հետևանքների համար պատասխանատվության մասին: Իսկ հետևանքներն ի հայտ կգան այն ժամանակ, երբ Նիկոլն ու իր ընտանիքը կանադաներում կլինեն:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան