Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը դեսպանի կեցավայրի համար ՀՀ-ում գույք է ցանկանում ձեռք բերել։ Համապատասխան հայտագրով Իրանի դեսպանությունը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից։
Դեսպանությունն այդ նպատակով ցանկանում է ձեռք բերել Ավանում՝ Աճառյան փողոց 35/23 հասցեում գտնվող բնակելի տունը, որը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացի Լիլիթ Լևոնի Խաչատրյանին։
Համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 63․1 հոդված 1-ին կետի ՝ օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել, վարձակալել կամ անհատույց (մշտական) օգտագործման կամ կառուցապատման իրավունքով օգտագործել միայն ՀՀ արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի հիմնավորված միջնորդության հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ միջազգային պայմանագրի համաձայն պահպանելով փոխադարձության սկզբունքը:









