Հայաստանի իշխանությունները երեկ միանգամից երկու ազդակ ստացան
Հյուսիսից: Մեկի հեղինակը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էր, ով ազդարարեց, որ հեռու
չէ այն ժամանակը, երբ ՀԱՊԿ երկրները ստիպված են լինելու հստակեցնել իրենց դիրքորոշումը
ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ: Երկրորդ ազդակը ՌԴ Պետդումայի խոսնակ
Վոլոդինի, կարելի է ասել, նախազգուշացումն էր, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների
հետագա կարգավորումը չշարունակվի 2020-ի նոյեմբերի 9-ի և դրանից հետո նոյն ֆորմատով տեղի ունեցած պայմանավորվածությունների
տրամաբանության մեջ, ապա եվրոպական կառույցների օգտին հայտարարություններ անող կողմը
կարող է կորցնել երկիրը:
Երկու պաշտոնյաների խոսքում էլ տագնապ կա, երկուսն էլ ակնարկում
են, որ աշխարհաքաղաքական իրողությունները ծայրահեղ անբարենպաստ են տարածաշրջանային
կտրուկ շրջադարձեր կատարելու համար: Սակայն կա ևս մի հանգամանք՝ միմյանց հետ միասնական
պետություն կազմող երկու երկրները սկսել են շեղվել դիվանագիտական շարադասությունից
և ծայրահեղ բաց տեքստեր են արտասանում: Դա այդ խոսքերի հասցեատիրոջ, այլաբանորեն ասած,
ինտելեկտուալ-վերլուծական մակարդակն է: Մենք՝ հայերս, հասկանում ենք, որ այս խոսքերի
հիմնական վեկտորը ուղղված է հատկապես Հայաստանին, որովհետև մեր իշխանություններն են,
որ կասկածի տակ են դնում տարածաշրջանում ՀԱՊԿ պատասխանատվության շրջանակները և, անտեսելով
ՀԱՊԿ դիտորդական պատրաստակամությունը, հրավիրում են եվրոպականներին:
Առաջին հայացքից՝ մեր համար կզբունքորեն միևնույն է, թե ով հայ-ադրբեջանական
շփման գծում դիտորդություն կիրականացնի, միայն թե ստիպի ադրբեջանցիներին հեռանալ Հայաստանի
օկուպացված տարածքից: Բայց արդյոք միայն դա է մեր նպատակը, արդյո՞ք 29800քառ. կմ-ից
զատ մեզ այլ հայրենիք պետք չէ, արդյո՞ք ՀՀ երեք միլիոն քաղաքացիները պատրաստ են հանգիստ
գոյատևել այդ 29800քառ. կմ տարածքում՝ Արցախի և նրա 120 հազ. բնակչության հաշվին կամ
արդյո՞ք մեր ոխերիմ հարևանները մեզ թույլ կտան դա: Նիկոլ Փաշինյանը հենց ադպես է պատկերացնում
մեզ ու Հայաստանը: Բայց մեր անվտանգային գործընկերները լավ են հասկանում և Ուկրաինայի
օրինակով նաև համոզվել են, որ իրենց անվտանգային համակարգի համար Արևմտյան հովերը սոսկ
ծիածանային անձև չեն բերում, այլ կարող են լրջագույն խնդիրներ առաջացնել՝ ընդհուպ մինչև
կինետիկ պատերազմական գործողությունների: Այս առումով բավական միանշանակ է ՀԱՊԿ միացյալ
շտաբի պետ Անատոլի Սիդորովի այսօրվա հայտարարությունը. «Ռազմական անվտանգությանը սպառնացող
մարտահրավերների և սպառնալիքների հիմնական աղբյուրը արևմտյան որոշ վերնախավերի ավերիչ
գործունեությունն է՝ խարխլելու իրավիճակը կազմակերպության շուրջ և նրա առանձին անդամ
պետություններում»
Արդեն ամենօրյա ռեժիմով Փաշինյանին տարբեր մակարդակներով և բառապաշարով
զգուշացնում են, որ պետք չէ եվրոպական դիտորդներին ներգրավել ընդդեմ ՀԱՊԿ-ի, թեև հասկանում
են, որ դրանով նա իր սեփական իշխանության պահպանման և անձնական անվտանգության հարց
է լուծում:
Ուզում եմ հավատալ, որ երբ Վոլոդինը խոսում է երկիր կորցնելու մասին, ոչ թե ակնարկում է, որ առանձին վերցրած երկիրը կվերանա, այլ առանձին վերցրած մեկը կարող է այս ընթացքում կորցնել իշխանությունը՝ առանց անձնական անվտանգության երաշխիքների:









