Foto

Ռուս գիտնականը պատմել է, թե ինչու Թուրքիան պատրաստ չէր հզոր երկրաշարժի

Թուրքիան պատրաստ չէր հզոր երկրաշարժի, զոհերը կարող էին ավելի քիչ լինել, եթե մարդիկ իմանային, թե ինչպես վարվել, այս իրավիճակից պետք է հետեւություններ անել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Յուրի Վինոգրադովը:

«Այս երկրաշարժը դաս պետք է լինի առաջին հերթին մեր երկրի համար։ Չէ՞ որ մենթալիտետը ռուսների եւ թուրքերի շատ առումներով նման է։ Կարելի է ասել, որ Թուրքիան բացարձակապես պատրաստ չէր այդ երկրաշարժին։ Նախ՝ տների մեծ մասը կառուցված չէ սեյսմակայուն տարբերակով կամ կառուցված է սեյսմակայունության ավելի ցածր մակարդակի վրա։ Երկրորդ, զոհերի թիվը կարելի էր զգալիորեն նվազեցնել, եթե մարդիկ պատրաստ լինեին ուժեղ երկրաշարժի, իմանային, թե ինչպես ճիշտ վարվել դրա առաջին նշանների դեպքում»,-ասել է փորձագետը։

Վինոգրադովն ընդգծել է, որ այն մասին, որ տարածաշրջանում երկրաշարժ տեղի կունենա, հայտնի էր դեռ մի քանի տարի առաջ, դա սեյսմավտանգ գոտի է:

«Պետք է լինեն մեթոդական ձեռնարկներ, անցկացվեն վարժանքներ։ Սեյսմավտանգ գոտիների բնակիչները պետք է հստակ հասկանան, թե ինչ պետք է անել եւ ուր փախչել։ Երկրաշարժի ժամանակ առաջին ցնցումը միշտ ամենաուժեղը չէ․․․Երկրորդ եւ երրորդ ցնցումը շատ ավելի ուժեղ է՝ 3-4, նույնիսկ 5 անգամ: Էպիկենտրոնին ամենամոտ քաղաքում մարդիկ 2-3 րոպե ժամանակ են ունեցել ինչ-որ կերպ արձագանքելու համար։ Այո, դա քիչ է, բայց բավական է, որպեսզի նվազագույն գործողություններ ձեռնարկվեն կյանքեր փրկելու համար։ Պետք է ոչ թե հեռախոսով նկարահանել, թե ինչպես է քո ջահը ճոճվում, այլ թաքնվել՝ գոնե մահճակալի տակ, պայմանականորեն ասած, կամ քո բնակարանի դռան մոտ, ընդ որում՝ ոչ թե միջսենյակային, այլ մուտքի դռան բացվածքում»,-պատմել է Վինոգրադովը։

Մեկ այլ ճիշտ գործողություն, ըստ նրա, «երեխաներին եւ փաստաթղթերը վերցնելն ու նկուղ վազելն է»։ «Նկուղից քեզ հաստատ արդեն կհանեն։ Առնվազն երեք-չորս օր: Չէ՞ որ փրկարարները հստակ գիտեն, թե որտեղ են գտնվում նկուղների մուտքերը, ինչպես քանդել դրանք, ինչ անել»,-նշել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ պակաս կարեւոր չէ նաեւ ուշադրություն դարձնել կատուների, շների եւ տնային կենդանիների վարքագծին, եթե խոսքը գյուղերի մասին է. կենդանիները կանխազգում են ստորգետնյա ցնցումները, սկսում են աղմուկ բարձրացնել, անհանգստանալ:

«Ռուսաստանում նույնպես երկրաշարժերին պատրաստ լինելու հարցը սուր է։ Օրինակ՝ Կամչատկան եւ Սախալինն անընդհատ պատրաստվում են, եւ շինարարության ընթացքում հաշվի են առնվում սեյսմավտանգությունը, եւ վարժանքներ են անցկացվում, եւ յուրաքանչյուր վարչական շենքում գրված են հրահանգներ, թե ինչպես վարվել. այնտեղ յուրաքանչյուր բնակիչ գիտի, թե որ նկուղ կամ որ փողոց վազել, եթե ցնցում է եղել։ Բայց ինչ - որ տեղ Կիզիլում կամ Աբականում, ես հաստատ համոզված եմ, որ նման բան չկա, Իսկ Կովկասի մասին ես ընդհանրապես լռում եմ»,-նշել է Վինոգրադովը։

Գիտնականը նշել է, որ իշխանությունների համար ելքերից մեկը կարող է դառնալ «անվտանգության կղզյակների» կառուցումը՝ ոչ մեծ կառույցներ առանց դռների՝ ամրացված պատերով՝ կանգառների նմանությամբ, որոնք կդիմանան դրանց վրա աղյուսների եւ փլուզվող կառույցների այլ մասերի անկմանը:   

Եվ, իհարկե, նրա խոսքով, շատ կարեւոր է վտանգավոր շրջաններում ունենալ բավարար ուժեր եւ միջոցներ արագ արձագանքելու համար։ Նա նշել է, որ դրանք պետք է լինեն ոչ միայն արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարության ուժերը, այլեւ տեղի բնակիչներից բաղկացած կամավորները, որոնք քաջատեղյակ են իրենց շրջանների առանձնահատկություններից։

«Չի կարելի կանխել երկրաշարժը, իսկ նվազեցնել դրա հետեւանքները, առաջին հերթին բնակչության կյանքի համար, մենք կարող ենք եւ պետք է անենք»,-նշել է գիտնականը։