Նիկոլ Փաշինյանը, որքան
էլ ցանկանա թաքցնել իր վախերը կամ մանիպուլացնել
հասարակական կարծիքը, չի կարող խաբել հոգեբանությանը, զսպել իր խոսույթը: Պարբերաբար
նրա լեզվից ակամա սպրդում է այն, ինչն իսկապես մտածում և ապրում է:
Երեկ ԱԺ-ում նա փարձում էր բացատրել, թե ինչու է հրաժարվել ՀԱՊԿ
մոնիթորինգային ծառայություններից՝ փոխարենն ընդունելուվ ԵՄ դիտորդական առաքելությունը:
Պաշտոնական վարկածն, ըստ Փաշինյանի, այն է, որ՝ մեջբերում. «Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ
Եվրամիությունը հստակ ամրագրել է, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ
և համաձայնությամբ, թե որն է Հայաստանի Հանրապետությունը»: Խնդրում եմ ուշադրություն
դարձնել, որ Եվրամիության պատկերացրած ՀՀ-ն, որպես տարածք, հստակեցվել է Հայաստանի
և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ: Այսինքն, Պրահայում՝ մեջտեղ
բերելով Ալմա Աթայի հռչակագիրը, Նիկոլ Փաշինյանն իբր ցանկացել է Արևմտյան գործընկերների
համար հստակեցնել ՀՀ սահմանները և դա արել է հենց Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ:
Այսինքն Պրահայում Փաշինյանը գործել է Ադրբեջանի հետ համաձայնեցված և համակարգված՝
կասկածի տակ դնելով Արցախի ինքնորոշման իրավունքը և Ադրբեջանի կազմից դուրս լինելու
տեսական և գործնական բոլոր հնարավորությունները, փոխելով Արցախյան հակամարտության խաղաղ
կարգավորման տասնամյակների բանակցային գործընթացի տրամաբանությունը: Մասնագետները դեռ
կտան այս գործողությունների իրավական գնահատականը, բայց առայժմ արձանագրենք, որ դա
եղել է Հայաստանը ներկայացնողի մասնակցությամբ և համաձայնությամբ: Այսինքն Եվրամիությունը
չի պարտադրել դա, չի առաջարկել իջեցնել «նշաձողը»:
Այնուհետև Փաշինյանը
փորձում է հանրությանը բացատրել, արդարանալ, որ ինքը ԵՄ դիտորդական առաքելությունը
Հայաստան է բերում, որպեսզի Ադրբեջանին ապացուցի, որ՝ կրկին մեջբերում. «Հայաստանը,
ավելի
կոնկրետ՝ ՀՀ վարչապետը…» ավելի
ու ավելի շատ ռուսական զորքեր չեն բերում և տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին:
Կրկին անգամ Նիկոլ Փաշինյանը մատնում է իր իրական մոտիվացին՝ շեշտելով, որ այդ հարցում
անձամբ իր մասնակցությունը, ցանկությունը և շահը չկա, ինքն անձամբ դրա հետ կապ չունի
և ադրբեջանական կողմը իրեն անձամբ դրանում մեղադրել չի կարող: ՀԱՊԿ դիտորդները դա Ալիևին
համոզել չեն կարող, դա ամենայն հավանականությամբ կարող են միայն
ԵՄ դիտորդները: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն այս քայլով ոչ թե Հայաստանի սահմանների անձեռնամխելությոն,
սուվերենության հարցն է փորձում լուծել, այլ թուրք-ադրբեջանական պատվիրատուների առաջ
իր անձնական դեմքն է փրկում: Ահա թե ինչու իրականում Հայաստանի սահմանները մոնիթորինգ
անելու են գալիս ոչ թե ՀԱՊԿ, այլ՝ ԵՄ դիտորդները: Սա հաստատում է նաև այն փաստը, որ
Ադրբեջանի հանդեպ իբր ագրեսիվ գործողությունների կասկածները բացառելու համար դիտորդներ
է հրավիրում ոչ թե Ալիևը, այլ ինքը՝ Փաշինյանը: Հենց Փաշինյանը հրաժարվեց Հայաստանում
ՀԱՊԿ զորավարժություններից՝ դրանք և Ռուսական ռազմաբազայի գոյությունը որպես Ադրբեջանի
դեմ սպառնալիք ներկայացնելով, այն դեպքում՝ երբ Ադրբեջանն ու Թուրքիան անդադար համատեղ
զորավարժություններ են իրականացնում: Հենց Փաշինյանն է, որ Էրդողանին և Ալիևին սիրաշահելու
համար Թուրքիա հայ փրկարարներ է ուղարկում:
Ամփոփելով վերը գրվածը՝
արձանագրենք. Նիկոլ Փաշինյանի որղջ արտաքին քաղաքականությունը ուղղված է մեկ բանի՝
պահպանել և ամրապնդել սեփական իշխանությունը: Իսկ եթե դա չհաջողվի ներքին քաղաքական
գործիքակազմով, ապա ստանալ անձնական անվտանգության երաշխիքներ Էրդողանից ու Ալևից,
որոնց նպատակների իրագործման համար անձամբ է ջանքեր գործադրում:









