Foto

Երկակի ստանդարտների անդառնալի հետևանքները

Ինչպես հայտնի է՝ այսօր կառավարությունն ամեն անկարևոր բանի համար միլիոններ ու միլիարդներ է ծախսում, բայց զինվորի համար, չգիտես՝ ինչու փող չունի, կամ ունի, բայց չի ուզում զինվորի վրա ծախսել։ Ըստ էության՝ զինվորը, լինելով երկրի պաշտպան, դարձել է մեր հասարակության ամենաանպաշտպան խավը։ Ամեն պահի կարող է թիրախ դառնալ թշնամու համար, կարող է զոհվել, ու դին օրերով, նույնիսկ ամիսներով մնա բաց երկնքի տակ, ինչ է թե՝ թշնամին թույլ չի տալիս դիերը դուրս բերել։

Ցավոք մեր այսօրվա դառն իրականությունն այնպիսին է, որ զինվորի մահը սովորական երևույթ է դարձել։ Այնպիսի անտարբերությամբ են նայում այդ ամենին, կարծես այդպես էլ պիտի լիներ։ 44-օյա պատերազմի 4-5 հազարը, սեպտեմբերյան ներխուժման ավելի քան 200 զոհերը քիչ էին, հիմա էլ՝ ոչ պատերազմական տասնյակ զոհերը։ Ողբերգություն է միանշանակ, որ հասարակության կողմից չկա սրտացավություն ու պատշաճ վերաբերմունք զինվորի նկատմամբ։ Զինվորն անտեսված ու արհամարհված է իշխանության կողմից, իսկ հասարակությունը դադարել է պահանջատեր լինել երկրի պաշտպանի համար։

Հայաստանյան մերօրյա իրականությունն այն է, իշխանոււթյունների ապիկարությունն այն աստիճան է, որ զինվորը պարտավոր է սոված-ծարավ, ցրտին ու անձրևին չկահավորված դիրքերով ու առանց դիրքերի սահման պահել, կյանքի ու մահվան կռիվ տալ, բաց երկնքի տակ քնել, հազար ու մի զրկանքներ կրել, իսկ, ասենք՝ ոստիկանը կերած-խմած ման գա Երևանի փողոցներում ու արժանանա իշխանության բարեհաճությանը, վայելի բարձր ղեկավարության հովանավորությունն ու օժանդակությունը, ինչ է թե՝ կատարում է իշխանության քաղաքական պատվերը։ Դրա համար ոստիկանին առոք-փառոք պահում ու կերակրում են, բարձր աշխատավարձ ու պարգևավճար են տալիս, լավագույն պայմաններն են ապահովում, իսկ զինվորին հաշվի տակ դնող չկա։

Ըստ էության՝ իշխանությունները ոստիկանի աշխատավարձն առանց որևէ պահանջի բարձրացնում են, իսկ երբ հերթը հասնում է զինվորին, պարզվում է, պետք է ատեստացիա անցնեն, քննություններ հանձնեն, որպեսզի աշխատավարձ բարձրանա։ Այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մարդիկ դրանից էլ հրաժարվեն։ Զինվորի հաշվին փող են խնայում՝ իրենց անձնական կամ քաղաքական կարիքներն ու ամբիցիաները բավարարելու համար։ Ասեմ ավելին՝ հարյուրավոր միլիոններ ու միլիարդներ են ծախսում Երևանում «Եվրատեսիլ» կազմակերպելու, տոնական միջոցառումներ ու լուսավորություն անցկացնելու, քեֆ-ուրախություններ ու հանդիսություններ, պաշտոնական ընդունելություններ կազմակերպելու, իրենց ու իրենց ընտանիքի անդամների համար նոր ծառայողական մեքենաներ գնելու, աշխատասենյակները վերանորոգելու ու կահավորելու, շատ դեպքերում՝ զբոսանքի վերածված արտասահմանյան գործուղումների ու ճամփորդությունների մեկնելու, հազար ու մի անիմաստ ծրագրեր ֆինանսավորելու համար։

Պոպուլիզմով ու դեմագոգիայով իշխանությունը զավթածներն այսօր միլիարդներ են ծախսում պետբյուջեից իրենց պարգևավճարների ու հավելավճարների համար, իսկ զինվորի համար ծառայությունն իրականացնելու տարրական պայմաններ չեն ստեղծում, ինչի հետևանքով ցավալի զոհեր են լինում։ Ըստ էության՝ ընտանիքներ են որբանում, մարդիկ իրենց զավակներին ու ամուսիններին են կորցնում, երիտասարդ տղաներ են զոհվում ոչ միայն մարտի դաշտում, այլև մարտի դաշտից հեռու, զուտ այն պատճառով, որ իշխանություններն անտեսել են զինվորի կարիքները ու ժամանակին չեն ապահովել նվազագույն պայմաններ։ Հասարակության անտարբերության պայմաններում՝ զինվորի կյանքը դարձել է ոչինչ, մահը՝ սովորական բան։

Արմեն Հովասափյան