Անցած գիշերվա ընթացքում ուժեղ ցնցումներ Սիրիայում չեն եղել, հայկական համայնքի շրջանում նոր զոհերի մասին ևս տեղեկություն չկա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հալեպահայ գրականագետ Լևոն Շառոյանը։
«Գիշերվանից ուժեղ ցնցումներ չեն եղել, ինչի համար էլ մարդիկ հոգեպես համեմատաբար հանգիստ են արդեն, այդուհանդերձ, ամբողջ գիշեր Հալեպի բնակչության մեծ մասը՝ մասնավորապես հայկական համայնքը, անց է կացրել իրենց տներից դուրս։ Հիմնականում տեղավորվել ենք եկեղեցիներում, դպրոցների և ակումբների գետնահարկերում։ Քանի որ գետնահարկերում ավելի ապահով է, հզոր ցնցում լինելու դեպքում կկարողանանք շատ արագ դուրս գալ փողոց, ուստի այսպես ավելի հանգիստ ենք»,-ասաց Շառոյանը։
Երեկ փլատակների տակից դուրս բերված երկու սիրիահայերի վիճակը, որոնք վիրահատվել են, մեր զրուցակցի խոսքով, արդեն իսկ կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
«Ավերված 8 հարկանի շենքում, որի ավերակների տակ գտնվել են մոր և որդու դիերը, ինչքանով որ տեղյակ եմ, այլ հայ ընտանիքներ չեն եղել։ Տեղեկություն չունեմ, թե փլված մյուս շենքերում եղել են հայեր, թե ոչ»,-ասաց Շառոյանը՝ հավելելով, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած հայերի մասին ևս որևէ տեղեկություն չունի։
Հղում անելով Սիրիայի առողջապահության նախարարությանը՝ Շառոյանը նշեց, որ միայն Հալեպում զոհվել է 300 մարդ, վիրավորվել՝ 1000-ը։ Մեր զրուցակցի ունեցած վերջին տվյալներով՝ երեկվա ավերիչ երկրաշարժից Հալեպում ավերվել է 60 շենք-շինություն։









