Foto

ՓԾ պաշտոնյան ցուցմունքում հերքել է նախկինում արած հայտարարությունը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 մահացած զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մահացած մեկ զինծառայողի դի հայտնաբերվել է նախասրահում, այսինքն ննջարանի մուտքի դիմաց։ Այս մասին Հանրային ՀԸ «Լուրեր»-ի եթերում ասել է դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ վառարանը տեղադրված է եղել նախասրանում, որը դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է, ինչը հաստատվել է վարույթում առկա փաստական տվյալներով, այդ թվում հրդհաշրջման աշխատանքներն իրականացրած ծառայողների հարցաքննության արձանագրություններով։

Նրա խոսքով՝ զինծառայողի մարմինը հենց ննջարանի մուտքի դիմաց նախասրահում հայտնաբերված լինելու հանգամանքը ողջամտորեն նշանակում է, որ ննջարանի մուտքի դուռը փակված չի եղել, այդ հանգամանքի շուրջ դեռևս այս պահին քննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան քննչական գործողություններ։

Ինչ վերաբերում է ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Արսեն Սարոյանի հայտարարությանը, որ զոհված զինծառայողներից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին անշարժացած վիճակում, դատախազն ասել է, որ նշված հանգամանքը ևս մանրակրկիտ քննության առարկա է դարձել։

«Տվյալ պաշտոնատար անձը քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նախաքննական մարմնի կողմից և իր ցուցմունքով հերքել այդ հայտարարությունը։ Մասնավորապես նշել է, որ դեպքի պահին ինքն անձամբ դեպքի վայրում չի եղել, խոսել է տեղում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրած աշխատակիցների հետ և վեջիններիս կողմից իրենց փոխանցած բանավոր տեղեկություններն այլ կերպ է ընկալել»,- նշել է դատախազը՝ մեջբերելով պաշտոնյայի ցուցմունքից հատված. «Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրած ծառայակիցները կապնվել են ինձ, հայտնել են, որ զինվորների դիերը հայտնաբերվել են մահճակալների սենյակում, որը ես ընկալել եմ, թե զինծառայողները գտնվել են պառկած մահճակալների վրա»։