Ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախն ավելի քան 1,5 ամիս շրջափակված է։ Երևանից ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա գտնվող Արցախում կտրոնային համակարգ է ներդրված սննդամթերքի որոշ տեսակների վրա։ Կա հոսանքի ու գազի խնդիր, կապի խնդիր։ Երեխաները զրկված են նորմալ կրթվելու հնարավորությունից։
Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Արցախի թեման դուրս գա օրակարգից ու վերածվի ընթացիկ լրահոսի։ Իրենց քարոզի հիմքում Հայաստանն Արցախին հակադրելն է, հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն մտցնելը։
Լաչինի միջանցքը փակվել է Ալիևի հանցավոր որոշման ու Հայաստանի իշխանությունների հակաղարաբաղյան, հակահայաստանյան քաղաքականության արդյունքում։
Հայաստանի ու Արցախի շահերը տարանջատելը, առավելևս այդ շահերը հակադրելը պետական հանցագործություն է։ Ահա այդ հանցագործության զոհ են դարձել Արցախի մեր քույրերն ու եղբայրները։ Զոհի կարգավիճակում ենք նաև մենք՝ Հայաստանի քաղաքացիներս։ Ու թող ոչ մեկին չթվա, թե Լաչինի միջանցքի թեման Հայաստանին չի վերաբերում։ Իշխանությունները հենց դա են ուզում տարածել, որ Լաչինի հարցը բացառապես ղարաբաղցիներինն է և թող իրենք էլ ռուսների ու ադրբեջանցիների հետ լուծեն այդ հարցը։ Եվ սա այն դեպքում, երբ 2021-ի խորհրդարանական ընտրություններում խոստացել էին հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ավելին՝ խոսում էին Արցախի տարածքների դեօկուպացիայից։ Հիմա ասում են՝ խաբել ենք, թեքվում ենք դեպի Թուրքիա ու հույսներս դնում Ադրբեջանի ողորմածությանը։
Մանրամասները՝ տեսանյութում։