Foto

Պետք է շատ արագ տեմպերով Հայաստանը վերականգնի իր անվտանգային կարողությունները․ Չալաբյան

Ավետիք Չալաբյանը կարծում է, որ 10-20 տարվա կտրվածքով Հայաստանը տարածաշրջանում պետք է դառնա բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերական կենտրոն։ Վերջինս նման տեսակետ է  հայտնել «Այլընտրանքային ծրագրեր» նախաձեռնության կազմակերպած «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ինչ ունենք և ինչին պետք է հասնել» թեմայով պանելային քննարկմանը։

«Դա իրատեսական է։ Ինչո՞ւ։ Մենք ունենք ռազմական սպառնալիք, ռազմական գործողությունների վտանգ ու դրան դիմագրավող բանակ, որը շատ ինտենսիվ կերպով ստեղծում է նման տեխնոլոգիաների պահանջարկ։ Օրինակ, նման պահանջարկ չկա Սլովենիայում կամ Ուրուգվայում»,-ասաց Չալաբյանը։

Նրա խոսքով, Հայաստանում կա բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, որը մինչև վերջերս եղել է քաղաքացիական լուծումներ տրամադրող, բայց աստիճանաբար սկսում է  դեմքով շրջվել դեպի ռազմական ոլորտ։

Այս առումով բանախոսը մատնանշում է Իսրայելի օրինակը, որը զարգացել է նաև ՏՏ ոլորտի զարգացման ու դրա արտադրանքի արտահանման շնորհիվ։

«Իսրայելը հետևողականորեն գնացել է այդ ճանապարհով։ Նախ բավարարել է սեփական կարիքները, ապա արտահանել։ 2022 թվականին Իսրայելն առաջին անգամ Ռուսաստանից շատ սպառազինություն է արտահանել։ Ռուսաստանը հիմնականում տանկեր է արտահանում, իսկ Իսրայելը բարձր տեխնոլոգիական սպառազինություն։ Հիմա ես հարցնում եմ, ինչո՞ւ այսօր մենք չենք կարող կենտրոնանալ մեր կարիքների բավարարման վրա, իսկ վաղը դառնալ դրա արտահանողը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանը տարիներ շարունակ սպառազինություն գնել է Ռուսաստանից, իսկ այն այսօր չի վաճառում։

Չալաբյանի խոսքով, այդ ուղիով գնալիս խնդիրներին լուծում է տրվելու ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով։

«Միշտ պետք է մտածել առկա ճգնաժամը հաղթահարելու մասին, ու որպեսզի ճգնաժամից ճգնաժամ չապրես, պետք է մտածել երկարաժամկետ կտրվածքով ինչ հիմնարար խնդիրներ են պետք լուծել»,-ասաց նա։

Չալաբյանն ընդգծեց՝ սեփական ուժերով անվտանգությունն ապահովելը փոքր երկրների համար բարդ է, այդ պատճառով պետք է միշտ նժարին դնել՝ ինչ ես ակնկալում ռազամավարական դաշնակցից ու ինչ ես պատրաստ տալ դու դաշնակցին։

«Մենք ասում են՝ Ռուսաստանը լավ գործընկեր չէ, իսկ մենք լա՞վ գործընկեր ենք Ռուսաստանի համար»,-ասաց նա։

Նրա խոսքով, պետք է շատ արագ տեմպերով Հայաստանը վերականգնի իր անվտանգային կարողությունները, քանի որ մեր անվտանգության ֆունդամենտալ ճարտարապետությունը խարխլված է։

«Պետք է մտածել, թե ինչպես պետք է վերականգնել ճարտարապետությունը, վերանայել  տրամաբանությունը։ Դիրքային պաշտպանության տարբերակով մենք այլևս չենք կարող դիրքերը պաշտպանել։ Բանակի վերաձևում է պետք, որպեսզի բանակը կարողանա լրիվ նոր տրամաբանությամբ կռվի»,-նշեց բանախոսը։

Չալաբյանի համոզմամբ, անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի ժամանակ Ջերմուկում թշնամին կարողացավ դիրքեր գրավել, քանի որ դրանք տեղորոշված էին, նույնիսկ գիտեին ամեն զինվորի ու խրամատի տեղը, կարողացել են ճշգրիտ խոցման հետևանքով դիրքը ոչնացնել։