Հետաքրքիր է ուսումնասիրել
ազգերի պատմույթունն ու նրանց անցած քաղաքական հետագիծը: Այդ ամենը օգնոմ է կողմնորոշվել սեփական քաղաքական դաշտում՝ դրանցից դասեր քաղել կամ ուղղակի շրջանցել։ Ժողովուրդների պատմությունն ամենատարբեր ելքեր է արձանագրել հեղափոխությունների
համար՝ սկսած հեղափոխությունների կողմից սեփական զավակներին խժռելու լիրիկական ողբերգություններից,
մինչև հեղափոխության զավակների կողմից հեղափոխված պետությունները խժռելու դաժան իրականություն։
Նայելով հայաստանյան զարգացումներին, կարող ենք փաստել, որ Հայաստանը, ըստ ամենայնի,
գնում է երկրորդ ճանապարհով։
Դեպքերի ընդհանուր համայնապատկերը
ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները ոչ միայն ինքնախժռված չեն, այլև
հետևողականորեն զբաղված են Արցախի կորստից հետո նրա նաև մնացած մասն ու Հայաստանը խժռելու
հեղափոխական ընթացքով։ Ընդ որում, եթե մինչև վերջերս, գոնե պատշաճության համար, պահպանվում
էին ձևականությունները, ապա ներկայումս Փաշինյանը սեփական խաղաքարտերը բացել է նույնքան,
որքան Արցախի դարպասները՝ Ադրբեջանի, Հայաստանի դռները՝ թուրքերի առաջ։ Վերջին շրջանում
նա ուղիղ տեքստով հայտարարում է, որ Արցախի ժողովրդի ու իշխանության՝ պայքարը շարունակելու,
Ադրբեջանին չտրվելու կամքը սադրանք է ու կարող է ծառայել Արցախի շրջափակումը ծրագրողներին։
Ասվածի թարգմանությունը
հետևյալն է․ Արցախը չպետք է պայքարի, որովհետև այդ պայքարը կարող է ծառայել Ադրբեջանի նպատակներին։ Այստեղից հետևություն՝ Արցախը պետք
է չպայքարի ու պետք է հանձնվի։ Փաշինյանը կրկին ուղիղ չի ասում, բայց էլի հասկացնում
է, որ Արցախի հանձնվելը, համապատասխանում է իր նպատակներին։ Իսկ նրա նպատակը, որն իրականում
ոչ թե նպատակ է, այլ մտասևեռում, «խաղաղության դարաշրջանն է», որը համառորեն չի գալիս,
որքան էլ նա ճգնում է՝ բացելով Արցախի ու Հայաստանի դարպասները։
Ըստ էության՝ տեղի ունեցող
իրադարձությունների ողբերգականությունն առաջին հայացքից դրդում է կենտրոնանալ միայն
ներկայի վրա՝ այն հույսով, թե իբր այդ կենտրոնացումը կարող է կանխել Նիկոլի մտասևեռման
իրագործումը։ Բայց դա անմարմին հույս է գոնե այնքանով, որքանով աննշմար են պայքարի
միջոցները։ Իրականում հայ հասարակության համար ավելի մեծ կարևորություն պետք է ստանա հարցը, թե ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանից հետո,
որովհետև աղետները, երջանկության պես, անցողիկ են, եթե անգամ թվում են մշտական ու անանցնելի։
Այլ կերպ ասած, հայ հասարակությունը, հայկական էլիտաները, քաղաքական ու մտավոր շերտերը,
բոլորը՝ պետք է պատրաստվեն հետնիկոլական Հայաստանին։
Առաջին հայացքից դժվար
է ասել, թե երբ է լինելու հետ նիկոլական ժամանակաշրջանը: Ավելին, դա լինելու է չափազանց
դժվար, փլատակված իրականություն, որտեղ միայն հրաշքը կարող է մոխիրներից վերածնել պետություն։
Եթե, իհարկե, ժամանակային առումով դա չլինի ուշից ավելի ուշ, որը՝ որպես ապագա, շատ
ավելի դաժան է՝ «լավ է ուշ, քան երբեք» պոետիկ զեղումից։
Արմեն Հովասափյան









