Foto

Քաղաքավարությունից ելնելով՝ վերցնում են Հայաստանի այցեքարտը՝ հաջորդ պահին այն նետելով աղբարկղ

Բոլոր պետությունների արտաքին քաղաքականության հիմքում ընկած են մաքուր, չոր շահերը՝ մնացած ամեն ինչ միֆ է և մոլորություն։ Եթե նախկինում այդ դոգմատիկ ճշմարտությունը ստացվում էր փաթեթավորել տարբեր գեղեցիկ, արժեքային կաղապարներով, ապա հատկապես ուկրաինական պատերազմից հետո բոլոր ու բոլորի դիմակները պատռվեցին, աշխարհը մտավ ամենապրագմատիկ, արժեքազերծ հարաբերությունների հորձանուտ, որը, ըստ ամենայնի, դեռ շատ երկար է շարունակվելու։ Ընդհանուր առմամբ դաժան է, բայց հենց դա է միջազգային հարաբերություններում, աշխարհաքաղաքականության մեջ տիրապետող իրականությունը, եթե նույնիսկ այնքան էլ հաճելի չէ արժեբանական, փիլիսոփայական հարթությունում։ Միաժամանակ պետք է փաստենք, որ այդ իրողությունն ամենևին չի արժեզրկում ու, առավել ևս, նսեմացնում գաղափարների, արժեքների դերը հանրությունների ու պետությունների կյանքում։ Պարզապես դա ևս մեկ անգամ ու վերջնականորեն ապացուցում է, որ արժեքները, այս կամ այն գաղափարախոսությանը դավանելն առավելապես պետությունների ներքին կյանքի կազմակերպման նորմեր են, որոնք որևէ ազդեցություն չունեն արտաքին քաղաքական հարաբերություններում։

Ավելին, այդ ամենը ևս մեկ անգամ վերահաստատում են, որ լայն իմաստով, որևէ պետության ներքին կարգն ու կառուցվածքը չի ազդում այլ երկրների, աշխարհի հետ նրա հարաբերությունների վրա (ի դեպ՝ խոսքը հարաբերությունների ոչ թե ձևի, այլ բովանդակության մասին է)։ Ձևական հարթությունում ժողովրդավարական երկրները, իհարկե, նախընտրելի են, այդպիսիք ներկայացողներին գուցե ավելի լայն են ժպտում գագաթնաժողովներին հաջորդող բանկետներում ու տոնական ընդունելությունների ժամանակ։ Սակայն աշխարհաքաղաքական հարաբերությունների բովանդակության վրա պետության ներքին կյանքի կառուցվածքը, ժողովրդավարության բարձր կամ ցածր մակարդակը, դրա բացակայությունն իսկ որևէ գործնական ազդեցություն չի ունենում։ Օրինակները մեկը մեկից պատկերավոր են ու խոսուն՝ սկսած հեռավոր աֆրիկյան մայրցամաքում ամենաժողովրդավարական երկրների դաշնակից համարվող հետամնաց բռնապետություններից ու արաբական երկրներից, մինչև ամբողջությամբ ավտորիտար Ադրբեջան, որն այսօրվա ժողովրդավարական աշխարհի «հուսալի գործընկերն է»։

Այստեղ պետք է ուշադիր լինել և թեման չմանիպուլացնել կամ մեկնաբանել յուրովի․ ասվածը բնավ չի նշանակում, թե հաջողության հասնելու համար պետք է ավտոկրատիա կառուցել կամ մոռանալ ժողովրդավարության մասին, բնավ։ Պարզապես դա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու ճշմարտությունը, որ միայն ժողովրդավարությունը չի կարող արտաքին քաղաքական հաջողությունների գրավական լինել։

Ակնհայտ  է, որ կարևոր է ազնիվ և ուժեղ լինել ու արձանագրել, որ վերը նշված իրողությունը Հայաստանում չի գիտակցվում կամ գիտակցված նենգափոխվում է, ինչպես որ նենգափոխվում է ժողովրդավարությունն ինքնին։ Բովանդակային առումով Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կառուցում է ավտորիտար իշխանություն, բայց դեռևս ձևականորեն պահպանվում է ժողովրդավարության շղարշը։ Տվյալ համատեքստում խնդիրը Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը չէ, այլ այն, որ չունենալով անգամ նորմալ ժողովրդավարություն, Հայաստանն աշխարհի հետ հարաբերություններում ներկայանում է բացառապես «դեմոկրատիայի բրենդով»։ Մեր արտաքին քաղաքականության մեջ դոկտրինալ իմաստով պետական շահերը մղվել են երկրորդական, երրորդական պլան, Հայաստանը բոլոր ամբիոններից թմբկահարում է ժողովրդավարությունը՝ այն դեպքում, երբ այդ նույն ժամանակ մյուս պետությունները, այդ թվում՝ մեր ոչ դեմոկրատ թշնամիները, իրացնում են իրենց պետական շահերը։

Ըստ էության՝ Հայաստանում, ինչպես հանրային ու պետական կյանքի գրեթե բոլոր երևույթները, պետական շահերն ու արժեքները փոխատեղվել են։ Մենք ներքին հարաբերություններում առաջնորդվում ենք ճղճիմ շահերով, ըստ կոնյունկտուրայի, կարող ենք ազգայնականից դառնալ լիբերալ, պահպանողականից՝ առաջադեմ, և այդպես շարունակ: Փոխարենը, արտաքին հարաբերություններում դրոշակ ու այցեքարտ ենք դարձրել արժեքներն ու ժողովրդավարությունը։ Այն դեպքում, երբ աշխարհում մեծ հաշվով թքած ունեն, թե ինչպես է Հայաստանը կազմակերպում իր ներքին կյանքը, բոլորին հետաքրքրում է, թե ինչ շահեր է հետապնդում Հայաստանն այս կամ այն հարցում։ Բայց քանի որ վերջինս պետական շահեր՝ որպես այդպիսիք, չունի, բոլոր շահերով առաջնորդվողները, քաղաքավարությունից ելնելով, վերցնում են Հայաստանի այցեքարտը, հաջորդ պահին այն նետելով աղբարկղ։

Արմեն Հովասափյան