Foto

Փաշինյանն ու Պապիկյանը զոհերի հարազատների աչքերի մեջ նայելու քաջություն չեն գտնո՞ւմ

Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների դիերն արդեն նույնականացված են,  որոշներին արդեն հուղարկավորել են։ Այսօր էլ հուղարկավորություններ կան։ Շատերն էին կարծիք հայտնում, որ պետք է սգո օր հայտարարել, ինչը չեղավ։ Դա ակնկալելի չէր մի իշխանությունից, որի ղեկավարները՝ ողբերգական դեպքի իրական պատասխանատուները չեն մասնակցում նույնիսկ հուղարկավորություններին։ Խոսքը, բնականաբար, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին է։ Պապիկյանն իր դեպքի վայր չգնալը բացատրեց նրանով, որ վախենում է դիերից։ Իհարկե, նախարարի ֆոբիաներն արարքը չեն արդարացնում, որովհետև հուղարկավորությունների ժամանակ այրված դիերը փակ են լինում, սակայն նույնիսկ այս դեպքում ժամանակ չգտավ։ Վարչապետ Փաշինյանն իր վախերի մասին չի խոսել, բայց հարկ էլ չի համար գնալ, ծնողների ձեռքը սեղմել, ներողություն խնդրել, որ իրենց տղաները կացարան չեն ունեցել, ջեռուցում չեն ունեցել, քնել են ցուրտ և խոնավ տարածքում, որ նրանց անվտանգության մասին ոչ-ոք չի հոգացել և, ի վերջո, գոնե խոստանար, որ հանգամանքները կպարզի, կբացահայտի, մեղավորները կպատժվեն, քանի որ իր առաջ քաշած նախնական վարկածն իրատեսականից հեռու է և շատերն են թերահավատ։ Բայց՝ ոչ, դա էլ չարեցին, ավելին՝ դեպքից դեռ մի քանի օր էլ չանցած, Իջևանում վարչապետը հպարտությամբ ելույթ էր ունենում, որ պարեկային ծառայությունը հասել է Տավուշի մարզ և այն հիմնարար լուրջ բարեփոխում էր համարում: Նույնիսկ խոստում չտվեց, որ հաջորդ քայլով զինծառայողների կացարանների հարցն են լուծելու , որ պարեկների նոր հագուսներից ու մեքենանաերից ավելի կարևոր անելիք ունեն, որ բանակի բարեփոխումը 24 մլն դրամով բանակից շուտ զորացրվելը չէ և այլն։ Մի շարք լրտավականներ, հղում անելով իրենց աղբյուրներին, նշում են, որ վարչապետը տրամադրություն է ունեցել մասնակցել Իջևանի «Դոկ» ռեստորանում կազմակերպված խնջույքին և նշել պարեկային ծառայության ներդրումը հայրենի Տավուշում։ Ի դեպ՝ «Դոկ» ռեստորանի անունը կապվում է ՆԳ նախարար, Փաշինյանի դասընկեր Վահե Ղազարյանի հետ։

Իսկ ե՞րբ չեն մասնակցում հուղարկավորությանը։ Այն ժամանակ, երբ մեղքի զգացում ունեն, երբ չեն կարողանում նայել զոհին, նրանց հարազատնի աչքերին, երբ սեփական մեղավորությունն արդարացնելու ոչինչ չեն գտնում։ Փաշինյանն ու Պապիկյանը զոհերի հարազատների աչքերի մեջ նայելու քաջություն չեն գտնում, բայց հարցն այն է, որ նրանք նաև խուսափում են այն պարսավանքից, որ հուղարկավորության մույս մասնակիցների, զոհերի ծնողներների կողմից արժանանալու էին։ Եթե, նույնիսկ, հուղարակվորությանը չմասնակցելու պատճառն ամոթն ու մեղքի զգացողությունն է, այլ ոչ թե ժամանակ չունենալը կամ ավելի կարևոր գործով զբաղված լինելը, արդեն իսկ մի կաթիլ պարզություն է այս գորշ մթնոլորտում: Բայց մի օր հաստատ գալու է աչքերի մեջ նայելու պահը և դրա համար ժամանակ լինելու է ու կարևորներն անկարևորներից տարբերվելու են։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան