Foto

Անօրինական է առանց քննություն անցկացնելու մարդկանց ազատել պաշտոններից. Մովսես Հակոբյան

Իրական պատասխանատուները պարզ կլինեն, երբ իրականացնեն ծառայողական քննություն կամ հետաքննություն, News.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում գտնվող N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին: 

«Սա քաղաքական բան է, որ մարդկանց պաշտոնից հեռացնում են առանց պարզելու՝ ով է մեղավոր: Օրենքն արգելում է մարդուն ազատել պաշտոնից առանց հիմքերի: Ըստ կարգապահական կանոնադրության համապատասխան հոդվածի, այդպես է: Անօրինական է, որ առանց քննություն անցկացնելու մարդուն ազատում են պաշտոնից»,-ասել է նա:

Տեսակետին, որ այս դեպքում ավելի բարոյական կլիներ, որ պաշտպանության նախարարը հրաժարական տար, Մովսես Հակոբյանն արձագանքել է. «Ես բարոյականը չգիտեմ, ես գիտեմ՝ օրենքը որն է, իսկ օրենքը պահանջում է անցկացնել ծառայողական քննություն, պարզել մեղավորներին: Մեղավորներին պարզելուց հետո նոր պետք է որոշում կայացվի»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորվել 3 զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճա զինվորական։