Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ունի ավանդական տարածաշրջանային ու այս
պահին՝ նաև աշխարհաքաղաքական լրջագույն պատճառներ։ Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը նպատակ ունի հայաթափել Արցախը, որն այսօր Ադրբեջանի պաշտոնյաներն այլևս չեն թաքցնում՝
ակնարկելով, որ ճանապարհը միակողմանի բաց կարող է լինել Արցախը լքել ցանկացողների համար։
Ըստ էության՝ Ադրբեջանի կողմից միամտություն է կարծելը նաև, որ հայ ժողովուրդն ընդունելու և տեղի է տալու նմանատիպ ճնշումներին, որքան էլ բարդ է ստեղծված իրավիճակը։ Արցախում տեսանելի է դիմադրություն և սեփական հայրենիքում ապրելու ցանկություն։
Եթե ուշադիր հետևենք դեպքերի ընթացքին, ապա միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից նմանատիպ ճնշումները սպասելի են եղել, սակայն արտաքին դերակատարների նման արձագանքը ու իրավիճակը լուծելու հարցում քայլեր անելու պատրաստակամությունը թույլ է, ինչը սպասելի չէր։ Սակայն այս ամենը հստակ բացատրելի է, քանի որ կա աշխարհաքաղաքական ճգնաժամ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, որը բավական լուրջ դրսևորումներ է ստանում հարավկովկասյան տարածաշրջանում։ Բնականաբար, Ռուսաստանը նկատում է իր դեմ տարվող տարբեր դրսևորումները և փորձում է իր դեմ երկրորդ ճակատի բացում թույլ չտալ։ Ի դեպ՝ գաղտնիք չէ, որ Արևմուտքի առանցքային նպատակը հենց դա է՝ լարվածության երկրորդ ճակատի միջոցով հետսովետական գոտում վերացնել ռուսական ազդեցությունը՝ լինի դա ռազմական, թե քաղաքական ազդեցություն։
Եթե հաշվի առնենք ռուս-իրանական
հարաբերություններում նոր խորությունները, ակնկալվում էր, որ Իրանի կողմից ավելի գործուն
քայլեր կլինեն, սակայն, ինչպես ցույց տվեցին վերջին շաբաթները, Իրանը դեռ խուսափում է հրապարակային
քայլերից, որոնք իրանաադրբեջանական նոր լարվածության պատճառ կարող են դառնալ։ Այս դեպքում
պետք է լիներ համակարգված ճնշում Ադրբեջանի նկատմամբ նաև Արևմուտքի կողմից, բայց քանի
որ գլոբալ նպատակն այլ է, այդ ճնշումը չկա, չնայած այն հանգամանքին, որ խոսքը հումանիտար
ճգնաժամի մասին է։
Ակնհայտ է, որ կոնկրետ
քայլեր չկան նաև ԵՄ կողմից, որն, ի դեպ, դիտորդական առաքելություն էր ուղարկել Հայաստան՝
հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն ուսումնասիրելու նպատակով։ Բացի դրանից՝ դեռևս
պարզ չէ, թե ի վերջո ինչ եզրակացություն ու մոնիթորինգային տվյալներ են պատրաստել նրանք
իրենց ամփոփիչ հաշվետվության մեջ։ Հատկանշական է այն, որ օրը ցերեկով մարդու իրավունքները
հավասարեցված են գետնին, մարդիկ գրեթե 40 օր է՝ բլոկադայի մեջ են, սակայն մարդու իրավունքների թիվ մեկ դրոշակակիր
Արևմուտքը զբաղված է «թիթեռ նկարելով»։
Ստեղծված իրավիճակի պարադոքսը
նաև այն է, որ ՄԱԿ ԱԽ-ում հարցը լրջորեն չի բարձրացվում և նույնիսկ չի քննարկվում խաղաղապահ
մանդատի կամ այդ մանդատը փոփոխելու հարցը։ Վստահ եմ, որ չի քննարկվելու, որպեսզի իրադարձությունների
ողջ պատասխանատվությունը դրվի խաղաղապահների, այսինքն՝ Ռուսաստանի վրա՝ տարածաշրջանում
ՌԴ հեղինակազրկման նպատակով։ Իսկ ՌԴ-ում, թեև հասկանում են խնդրի ողջ լրջությունը,
կենտրոնացած են ներռուսաստանյան խնդիրների և Ուկրաինայում խնդիրների վրա, որը ՌԴ
նորագույն պատմության ամենաճակատագրական փուլն է։ Երկրում առկա ողջ ռեսուրսը, ուշադրությունը
այս պահին միայն այդ խնդիրներին են, ու դա բնական է։ Ռուսաստանին ներկայումս ձեռնտու
է իր հարևան գոտիներում ստատուս-քվոյի պահպանումը, իսկ Արևմուտքն աշխատում է հակառակ ուղղությամբ, որպեսզի, անկախ նրանից, թե ինչպես կավարտվի պատերազմն Ուկրաինայում, ՌԴ-ին
սպասվեն անակնկալներ ամենուր։
Արմեն Հովասափյան









