Իր քաղաքական գործունեության ընթացքում Նիկոլ Փաշինյանի մոլուցքը եղել է իշխանազավթումը։ Այդ մոլագար փափագն իրականցնելու նպատակով նա բառացիորեն գնացել է ամեն քայլի։ Ըստ էության՝ իշխանության հասնելու Փաշինյանի անցած ճանապարհը կարելի է համարել նրա անձնական «հաջողության պատմությունը», ինչպես ընդունված է անվանել ժամանակակից պատումները՝ անկախ բովանդակային առանձնահատկություններից։ Այդ պատմությունը կարող է անգամ ներառվել գունավոր կամ անգույն, «թավշյա» կամ «պողպատյա» հեղափոխությունների մասին պատմող դասագրքերում և տարբեր երկրներում իշխանազավթման մեթոդական ուղեցույցներում։ Խնդիրն այն է, սակայն, որ այդ պատմությունը ճշմարտացի կարող է լինել միայն այն պայմանով, որ ներկայացվի «միջոցների մեջ խտրություն չդնողի», «արգելքներ չունեցողի», «նպատակին հասնելու համար ամեն ինչի պատրաստ մարդու» խորագրերի ներքո։
Ըստ էության՝ Փաշինյանը,
սկսած լրագրողական առաջին քայլերից, մինչև հեղափոխական վերջին քայլերը, առաջնորդվել
է հենց այդ՝ «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքի գերբացարձականացմամբ։ Եվ իր
դեպքում իշխանության հասնելու ու պահպանելու նպատակն ամբողջությամբ արդարացրել է բոլոր
միջոցները, այդ թվում՝ Արցախի մեծ մասի հանձնումը, հազարավոր զոհերը, ՀՀ ինքնիշխանության
խայտառակ նվազումն ու ապագործոնացումը, ընդհուպ՝ պետականության կորստի առավել քան իրական
սպառնալիքը։
Հայտնի է, որ անձանց
«հաջողության պատմությունների» նովելային ժանրից բացի, նույն արևմտյան գիտական խոսույթում կա նաև երկրների մասին պատմող մեկ այլ պատկերավոր եզր՝ «ձախողված
պետություն»։ Եվ ահա, այս երկու՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երևույթները՝
անհատների «հաջողության պատմությունները» և «ձախողված պետություններն» իրականում օրգանապես
կապված են․ բազմաթիվ
դեպքերում առանձին անհատներ «հաջողության պատմություններ» են կերտում ոչ միայն «ձախողված
պետություններում», այլ որպես կանոն՝ պետության ձախողման հաշվին կամ պետությանը
ձախողման դատապարտելու գնով։
Վերը նշված օրինակներում
անհատների հաջողությունները հակադարձ համեմատական կապի մեջ են պետության ձախողման հետ,
այսինքն՝ որքան հաջողում է դիտարկվող անհատը, այնքան ավելի շատ է ձախողում պետությունը,
կամ հակառակը։ Ահավասիկ Նիկոլի ու Հայաստանի հակադարձ համեմատական կապը հենց այս հարթությունում է։
Դառնագույն իրականությունն
այն է, որ վերջինիս անհատական հաջողության պատմությունը կերտվել է Հայաստանի ձախողման
պատմության հաշվին, նա անձնական ձեռքբերումների է հասել ի հաշիվ ՀՀ կորուստների։ Հնարավոր
է՝ սա միակ օրգանական կապն է Նիկոլի և Հայաստանի միջև։ Ըստ էության՝ իրավիճակի ողբերգականությունն
այն է, սակայն, որ այդ կապը Հայաստանի համար արդեն իսկ նմանվում է մահապատժի ենթարկվողի
կախաղանի պարանի, որը, հրաշքով չկտրվելու դեպքում, հանգեցնելու է այն ելքին, որին սովորաբար
արժանանում են ձախողված պետությունները։
Արմեն Հովասափյան









