Foto

Լաչինի Միջանցքի փակման տնտեսական հետևանքները

Արցախի բլոկադան շարունակում է․ տեղում իրավիճակը գնալով դառնում է օրհասական, այս ամենին հավելենք մարդկանց հոգեբանական վիճակը։ Առաջին հայացքից շատերին թվում է, թե Արցախում տեղի ունեցող պրոցեսները կապված են միայն Արցախի հետ։ Մինչդեռ՝ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, չի կարող շրջանցել նաև ՀՀ տնտեսությունը։ Բանն այն է, որ տնտեսական էսկալացիան ցանկացած պահի կարող է տեղափոխվել Հայաստան։

Արցախի շրջափակումից հետո էապես մեծացել են տնտեսական անվտանգության հետ կապված ռիսկերը, որոնք մինչ այդ էլ կային, բայց շարունակում են ավելանալ։ Ներդրումների ռիսկայնության մասին նույնիսկ ավելորդ է հիշեցնել։ Այդ պատճառով զարմանալի չէ, որ օտարերկրյա կապիտալը խուսափում է գալ Հայաստան։ Նույնիսկ լավատես էկոնոմիկայի նախարարն է սկսել խոստովանել, որ օտարերկրյա ներդրումները հեռու են բավարար լինելուց։ Գաղտնիք չէ, որ ներդրումներն ուղղակիորեն կապված են անվտանգային միջավայրի հետ, իսկ մեր երկրում անվտանգային միջավայրը, ամրանալու փոխարեն, ավելի է թուլանում (այս պահին մեր անվտանգային միջավայրը բոլորովին էլ ներդրումների օգտին չէ)։

«Խաղաղության դարաշրջանը», որն իշխանությունները խոստանում էին բերել Հայաստան, համառորեն չի գալիս։ Ավելին, Արցախի շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները նոր մտահոգություններ են առաջացրել։ Չնայած միջազգային հանրության արձագանքներին՝ մի քանի տասնյակ ադրբեջանցիներ շրջափակման մեջ են պահում Արցախի 120 հազար բնակչությանը։ Կտրվել է Հայաստանի հետ գործող միակ ճանապարհը, ինչի հետևանքով առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ արդեն սպառվել են։ Ճանապարհը բացելու հորդորներն արդյունք չեն տալիս, իսկ խոսքից գործի որևէ մեկը չի ուզում անցնել։

Արցախի սպառողական շուկայում իրացվող բազմաթիվ ապրանքներ արտադրվում են Հայաստանում։ Հիմա հայաստանյան արտադրողների կողմից այդ ապրանքների մատակարարումը, ճանապարհի փակ լինելու պատճառով, կասեցված է, ինչի հետևանքով արտադրողները ստիպված են կրճատել արտադրության ծավալները։ Խոսքն առաջին հերթին տեղական արտադրության սննդամթերքի տարբեր տեսակների մասին է։ Իրականում, սակայն, միայն սննդամթերք արտադրողները չեն սրանից տուժում։ Գուցե ավելի քիչ, բայց տուժում են նաև ոչ պարենային ապրանքների արտադրության ոլորտում գործող ընկերությունները։ Սպառման հարկադիր կրճատման հետևանքով՝ վնասներ են կրում նաև ներմուծողները, որոնք ապահովում են ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի սպառողական շուկաները։

Ընդծենք, որ սրանք միայն արտաքուստ երևացող այն վնասներն են, որոնք կրում է ՀՀ տնտեսությունը։ Շատ ավելի ծանր են լինելու անուղղակի հետևանքները։ Դրանք սովորաբար ավելի երկար ժամանակում են դրսևորվում՝ թելադրված բիզնեսի մտահոգություններով ու դրանց նկատմամբ դրսևորվող վարքագծով. հետաձգվում կամ կասեցվում են նախատեսվող ծրագրերը, բիզնեսն այլ, ավելի բարենպաստ տեղ է սկսում փնտրել իր գործունեության համար, և այդպես շարունակ։

Միանշանակ է, որ այսօր, անշուշտ, առաջնահերթ խնդիրն Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարումն է ու արցախահայության կենսական պահանջների բավարարումը։ Բայց սրանք ևս մտահոգիչ հանգամանքներ են, որոնք Հայաստանում չտեսնելու են տալիս։ Հայաստանյան իշխանություններին այնքան է ոգևորել այս տարվա տնտեսական աճը, որ ամբողջությամբ կորցրել են իրականության զգացումը։ Իսկ իրականությունն իսկապես շատ տխուր է։ Այս տարի, իրենցից անկախ պատճառներով, տնտեսության մեջ պլպլան ցուցանիշներ արձանագրվեցին, բայց դրանք միայն դրսից են այդպիսին, ներսում ամեն ինչ շատ ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել։ Ըստ էության սրանք միտումնավոր մոռանում են, որ գործ ունենք պատահական տնտեսական աճի հետ, որը բացարձակ կապ չունի՝ ինչպես իշխանությունների, այնպես էլ՝ մեր տնտեսության զարգացումների հետ։

Նույնիսկ տնտեսագիտությունից կիլոմետրերով հեռու յուրաքանչյուր անձի պարզ է, որ ՀՀ տնտեսության մեջ արձանագրվող աճերը կապված են արտաքին գործոնների հետ, որոնք այսօր կան, վաղը կարող են չլինել։ Հենց այդ ժամանակ կերևա տնտեսական զարգացումների իրական պատկերը, թեև այսօր էլ շատ բան շատերին պարզ է։ Իրականությունն այն է, որ մեր տնտեսության մի շարք հատվածներում, հատկապես գյուղատնտեսության ու սննդի արտադրության առանձին ճյուղերում, ունենք արտադրության ծավալների մտահոգիչ պատկեր։

Ցավալի ու ողբերգական է, բայց Լաչինի անվտանգության գոտու խաթարումը, Գորիս-Ստեփանակերտ միակ ճանապարհի արգելափակումը և խորացող լարվածությունը լավ բան չի խոստանում համայն հայության համար։

Արմեն Հովասափյան