Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի, փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և դատավորի օգնական Թամարա Պետրոսյանի գործով դատական նիստը։
Նշենք, որ նախորդ նիստին Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանները նախորդ նիստին միջնորդել էին դադարեցնել Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը, քանի որ մինչդատական վարույթի ընթացքում քննչական ենթակայության կանոնների խախտմամբ է եղել գործի քննությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում, մինչ միջնորդության բուն քննությանն անցնելը, նախագահող դատավորը հայտարարեց, որ նշված միջնորդությունները պետք է ներկայացվեն ապացույցների շրջանակը պարզելուց և որոշակի ապացույցներ հետազոտելուց հետո։ Ընդմիջման ընթացքում քննարկման արդյունքում Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը որոշեց այս փուլում միջնորդությունը չներկայացնել։ Թամարա Պետրոսյանի պաշտպան Գարիկ Գալիկյանը և գործով որպես մեղադրյալ անցնող փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, որոնք ևս մտադիր էին կարճման միջնորդություն ներկայացնել, հայտարարեցին, որ դրանք կներկայացնեն ավելի ուշ։
Դատարանն անցավ Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ավարտվում է հունվարի 18-ին։ Մեղադրող դատախազը միջնորդեց անփոփոխ թողնել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ հայտարարելով, թե Արուսյակ Ալեքսանյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է փախուստի դիմել, ինչպես նաև, խոչնդոտել գործի քննությանը։ Ալեքսանյանի պաշտպան Արթուր Մանուկյանն առարկեց դատախազի պնդումների դեմ՝ խիստ զարմանք հայտնելով նրա դիրքորոշումների կապակցությամբ։ Պաշտպանի պնդմամբ՝ տպավորություն էր, որ ուղղակի գլխավոր դատախազությունում կա դիրքորոշում՝ Արուսյակ Ալեքսանյանին կալանքի տակ պահելու համար, որ ցույց տան, թե ինչ եղանակներով են «պայքարում կոռուպցիայի» դեմ։
«Արուսյակ Ալեքսանյանը, բնականաբար, միտված է, որ օրինական միջոցներով ազատվի կալանքից և սա բերել որպես փաստարկ, որ նա մնա կալանքի տակ, առնվազն ողջամիտ ու տրամաբանական չէ»,- նշեց Մանուկյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։









