Foto

Արցախը հայկական պահելու քայլերից մեկը նոր պատերազմին պատրաստվելն է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

« Քաղաքական շրջանակներում անկեղծության մեծ դեֆիցիտ կա։ Մենք փորձում ենք հարցերին տալ պատասխաններ, որոնք ականջահաճո են ժողովրդի, արտաքին ու ներքին գործընկերների համար, բայց իրականում քաղաքական վերնախավը, էլիտան վախենում են ժողովրդին ասել բաներ, որոնք ակնհայտ են։ Գոնե մենք քաղաքականգիտական ու փորձագիտական շրջանակներում պետք է որևէ բանով կաշկանդված չլինենք և հստակ ասենք մեր հանրությանը, որ Արցախը հայկական պահելու քայլերից մեկը նոր պատերազմին պատրաստվելն է»,- այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի կազմակերպած   «Ինչպե՞ս պահել Արցախը հայկական» թեմայով փորձագիտական  քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ, կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Վերջինիսդիտարկմամբ՝ հանրության մեջ մեծ է նոր բախումների, պատերազմի վերաբերյալ մտահոգությունը։

«Բայց որևէ մեկը հստակ չի ասում, որ այդ պատերազմն առաջին հերթին պետք է հենց մեզ՝ որպես ժողովուրդ, որպես երկիր ու պետություն։ Դա մեզ համար անհրաժեշտ պատերազմ է, որն ուղղված է լինելու ոչ թե եղածը պահելու, այլ կորցրածը հետ բերելու համար։ Թող մեզ կոչեն ռևանշիստ, ինչ ուզում են ՝ կոչեն։ Սակայն փաստն այն է, որ ներկայիս ռեսուրսներով Հայաստանն ու Արցախը կենսունակ չեն, մրցունակ չեն տարածաշրջանում, չեն կարող լուծել մեր ժողովրդի անվտանգության տարրական խնդիրները, ամենապարզ հարցերը»,-ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նրա համոզմամբ, Հայաստանին  իր շահը սպասարկելու, մրցակցային դառնալու համար պետք է պատերազմ ու հաղթանակ, ժողովրդին պետք է դրան պատրաստել։

«Մենք մեր ժողովրդին պետք է ասենք, եթե ուզում ենք ունենալ հայկական Արցախ, հայկական Հայաստանի Հանրապետություն, մենք ինքներս պետք է պատրաստվենք այդ պատերազմին, գնանք կորցրածը վերականգնելու ճանապարհով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Արցախը հայկական պահելու քայլերից մեկն էլ հատվածային լուծումներից հրաժարվելն է։